Թուրքական իշխանությունները հրաժարվում են ընդունել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Անկարայի միջև ձեռք բերված համաձայնությունների այն պարբերությունն, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի տրամադրած նավերով փրկված փախստականները պետք է վերադարձվեն Թուրքիա: Այս մասին հաղորդում է Sputnik News-ը՝ հղում կատարելով գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten (DWN) թերթին:
Ըստ թերթի՝ եթե պարզ դառնա, որ Թուրքիայի հետ սկսած այդ գործարքն անհաջողության է մատնվել, ապա դա կործանարար ազդեցություն կունենա Անգելա Մերկելի ՔԴՄ կուսակցության՝ հաջորդ ընտրություններին հաղթելու հեռանկարների վրա:
Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ բանակցությունների տապալումը Մերկելի ծրագիրը վտանգելու միակ գործոնը չի կարող հանդիսանալ: Երկրորդ պատճառը Հունաստանի և Մակեդոնիայի սահմաննների միջև տեղի ունեցող քաոսն է, որտեղ մեծ թվով փախստականներ փորձում են ելք գտնել նոր խստացումներից խուսափելու համար:
Հարկ է նշել, որ Մակեդոնիան խստացրել է իր սահմանային քաղաքականությունը, որի համաձայն՝ միայն Սիրիայի և Իրաքի փախստականներն իրավունք ունեն մուտք գործելու երկիր: Իսկ ինչ վերաբերում է Աֆղանստանի ապաստան հայցողներին, որոնք նախկինում «ինքնաբերաբար» դիտարկել են որպես փախստականներ՝ այժմ ստիպված են Մակեդոնիայից վերադառնալ Հունաստան: