Ահաբեկչական «Իսլամական պետությունը» հրապարակել է տեսանյութ, որտեղ սպառնում է Facebook-ի և Twitter-ի հիմնադիրներ Մարկ Ցուկերբերգին և Ջեկ Դորսիին:
25 րոպե տևողությամբ տեսահոլովակը «Կողմնակիցների բոցը» վերտառությամբ, որը տարածվել է Telegram մեսենջերով, թողարկել է իրեն «Խալիֆայության բանակի որդիներ» կոչող խումբը: Հոլովակի հեղինակները սպառնացել են «պատասխանել» Facebook-ի և Twitter-ի ջանքերին` ուղղված ծայրահեղական տեղեկատվության տարածման դեմ պայքարին և իսլամիստների աքաունթների հեռացմանը:
«Դուք ամեն օր հայտարարում եք, որ արգելափակել եք մեր հաշվառման գրությունները և մենք ձեզ ասում ենք. «Ընդամենը դա՞ կարող եք անել»: Մի հաշվեհամար փակելու դիմաց մենք 10 նորը կբացենք և ձեր անունները կջնջվեն…»,-ասվում է տեսագրության տեքստում:
Տեսագրության մեջ հաքերները կոտրում են օգտատերերի տարբեր հաշվեհամարներ ու դրանց միջոցով տարածում ԻՊ քարոզչությունը: Նրանք պնդում են, որ կոտրել են Facebook-ի ավելի քան 10 հազար հաշվեհամար, ավելի քան 150 խումբ և Twitter-ի ավելի քան 5000 հաշվեհամար: