Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օրերս հայտարարել է, որ երկրում հանրաքվե է անցկացնելու՝ կապված քվոտաներով փախստականների բաշխման Եվրամիության նախագծի հետ։
«Փախստականների հարցը պետք է որոշի հունգար ժողովուրդը և ոչ թե Բրյուսելում նստած պաշտոնյաները», - ասել է Օրբանն՝ ակնարկելով, որ Եվրոպական հանձնաժողովը գերազանցում է իր լիազորությունները և հարվածում պետությունների ինքնիշխանությանը:
Ըստ վարչապետի՝ Եվրահանձնաժողովը ցանկանում է փոխել Հունգարիայի և ամբողջ Եվրոպայի էթնիկ կազմը, իսկ իրենք, ընդհակառակը` չեն պատրաստվում իրենց հայրենիքը հանձնել արաբներին:
Բրյուսելում վրդովմունքով են ընդունել Օրբանի հայտարարությունները: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն պատասխանել է, թե իրենք այնքան էլ լավ չեն հասկանում, թե հունգարական հանրաքվեն ինչ կապ ունի իրենց որոշումների հետ:
Ուշագրավ է, որ ԵՄ հանդեպ նմանատիպ մի կոշտ հայտարարությամբ էլ օրերս հանդես էր եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ներգաղթյալների օրեցօր աճող թվից անհանգստացած: Euronews-ի հաղորդմամբ, Ցիպրասը հայտարարել է, որ իրենք չեղյալ կհայտարարեն ԵՄ-ի հետ բոլոր համաձայնագրերը, եթե ԵՄ անդամ երկրները քայլեր չձեռնարկեն կիսելու առաջացած ճգնաժամի բեռը: Վերջին օրերին Հունաստանում ներգաղթյալների մեծ կուտակումներ են առաջանում մյուս երկրներում վերահսկողության ուժեղացման պատճառով: Երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Ցիպրասը հայտարարել է, որ ԵՄ որոշ երկրներ չեն հասկանում, որ համատեղ ընդունված համաձայնագրերը կամ կիրառվում են, կամ գոյություն չունեն:
ԵՄ այս անդամ-երկրների մի փոքր շանտաժային ենթատեքստով կտրուկ հայտարարություններn անմիջապես հաջորդում են Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև տեղի ունեցած վերջին գործարքին, որի արդյունքում ԵՄ-ն բավականաչափ զիջումների գնաց և երկար պայքարից հետո տեղի տվեց Մեծ Բրիտանիայի մի շարք պահանջներին: Չնայած ո՛չ Հունգարիան, ո՛չ էլ առավել ևս Հունաստանը չունեն ԵՄ համար այն կշիռը, ինչ Մեծ Բրիտանիան, միևնույն է այս և մի շարք այլ ԵՄ անդամ-երկրներ ցանկանում են իրենց սեփական արժեքն ու կշիռը ցույց տալ կառույցին՝ պահանջելով հաշվի նստել իրենց հետ: