Վաղ թե ուշ այդ հանցագործության մեղավորները, որոնց անունները քաջ հայտնի են, ստանալու են իրենց պատիժը: Այս մասին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտի հուշահամալիրում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, հայտնում է Artsakhpress-ը:
«Մենք միշտ հիշելու ենք մեր անմեղ զոհերին, ովքեր հայատյաց ու ֆաշիստական քաղաքականությանը զոհ գնացին: Վաղ թե ուշ այդ հանցագործության մեղավորները, որոնց անունները քաջ հայտնի են, ստանալու են իրենց պատիժը: Արցախհայությանը բնաջնջելու ադրբեջանական նկրտումների լավագույն պատասխանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն է՝ կայացած պետական համակարգով և ժողովրդավարական ինստիտուտներով, որը վառ ապացույցն է այն բանի, թե ինչերի կարող են հասնել մարդիկ , ովքեր պայքարում են հանուն ազատության: Բազմաթիվ փաստագրական նյութեր ու ականատեսների վկայություններ կան, որոնք փաստում են, որ Սումգայիթում հայերի նկատմամբ իրագործվել է ցեղասպանություն և պետք արվի հնարավորը, որպեսզի հասնենք այդ հանցագործության դատապարտմանը»,- նշել է նա: