Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է Եվրոպական միության փլուզմանը և դրա կազմից Չեխիայի դուրս գալուն, սակայն չի խոչընդոտի քաղաքացիներին իրենց կարծիքն արտահայտել` այդ հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու դեպքում: Այս մասին նա հայտարարել է ParlamentniListy.cz-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես դեմ եմ ԵՄ-ից դուրս գալուն, սակայն դեմ եմ նաև, որ քաղաքացիները հնարավորություն չունենան քվեարկելու այդ հարցի վերաբերյալ: Երկրի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան նշել է, որ կդիմադրի, որպեսզի այդ հարցի վերաբերյալ քվեարկություն չանցկացվի: Կարծում եմ՝ դա ժողովրդավարական չէ»,- ասել է Զեմանը:
Զեմանը հերքել է նաև վարչապետի հայտարարությունն այն մասին, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, ապա Չեխիան որոշ ժամանակ անց կհայտնվի ռուսական ազդեցության ներքո: «Քանի որ մենք ՆԱՏՕ-ի անդամ պետություն ենք, ապա չենք կարող միաժամանակ լինել նաև ռուսական ազդեցության ոլորտում: Դա վարչապետը, հավանաբար, չի հասկացել»,- նշել է նախագահը: