Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավելի վաղ արած հայտարարությանը, որում նշված է, թե «քրդերն այն ժամանակվա հայկական «հրոսակախմբերի» նման համագործակցում են ռուսների հետ»:
«Փաստորեն, երբ ասում են, թե մենք ռուսների հետ համագործակցած հայերի նման ենք, դրանով ուզում են ասել. «Այն, ինչ 1915-ին արեցինք հայերի հետ, կանենք նաև ձեզ հետ»: Դա կոտորածի ու մահվան քաղաքականությունը մատնանշելուց բացի` ոչինչ չի նշանակում: Գալիս է Բինգյոլ ու կոտորածներով սպառնում: Սակայն, մենք վստահ ենք մեր միասնականության վրա», - հայտնել է Դեմիրթաշը Թուրքիայի Բաթման քաղաքում կուսակցության անցկացրած հանրահավաքի ժամանակ, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «T24» լրատվական կայքին:
«Պատկերացնու՞մ ես Դավութօղլու, մենք պատմությունից դասեր չենք քաղել: Քո պատմած ստերից կազմված պատմությունը մենք իրական անցյալից ենք ձևավորել», ավելացրել է համանախագահը:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտնել էր, թե «քրդերը «հրոսակախմբերի» նման Ռուսաստանի հետ համագործակցում են, ինչպես նաև Մոսկվայում ներկայացուցչություն են բացում»։