Հոլիվուդում անցկացված ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողության ամենանշանավոր և երկար սպասված պահը թերևս Լենարդո դի Կապրիոյի հաղթանակն էր: Սիրված դերասանն արժանացել է այս մրցանակին «Փրկվածը» ֆիլմում իր դերակատարման համար, որտեղ նա կերտել էր Հյու Գլասի կերպարը, ում ընկեր որսորդները լքել են նրան, ինչի արդյունքում Հյուն ստիպված է եղել միայնակ պայքարել արջի դեմ և բազմաթիվ վնասվածքներ ստանալ: Մի կերպ փրկվելով արջի ճիրաններից՝ Հյուն որոշում է հետ վերադառնալ իր ընտանիք և վրեժ լուծել իր դավաճան ընկերներից:
Իր առաջին «Օսկարը» ստանալուց հետո շնորհակալական ելույթում Դի Կապրիոն հիմնականում խոսել է գլոբալ տաքացման դեմ պայքարելու կարևորության մասին: Նա ընգծել է այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում ամեն պահի կլիմայական կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, ինչն ամենավտանգավոր խնդիրներից է, որի հետ մարդկությունը երբևէ բախվել է: Դի Կապրիոն կոչ է արել բոլորին հնարավորինս արագ միասնական կերպով այս խնդրին լուծում տալ:
Ուշագրավն այն էր, որ այս տարի Կինոակադեմիան շնորհակալական ելույթների համար հատուկ ժամանակ էր սահմանել` մինչև 45 վայրկյան, որի նպատակը միջոցառման ժամանակը խնայելն էր: «Օսկարի» մրցանակակիրներին այլևս թույլ չեն տա մրցանակը ստանալուց հետո երկար-բարակ ճառեր ասել:
Այս տարվա մրցանակաբաշխությունը նաև հիշարժան է դարձել նրանով, որ Օսկարի հավակնորդների թվում չկային սևամորթ կինոգործիչների անուններ: Մրցանակաբաշխության «մասնակից» միակ սևամորթը հաղորդավար Քրիս Ռոքն էր, ով պատվավոր առաքելությունը ստանձնում է արդեն երկրորդ անգամ: Ռոքի կատակները հիմնականում կապված են եղել կինոարտադրությունում սևամորթների և սպիտակամորթների իրավահահավասարության հետ:
Բացառապես «սպիտակ» «Օսկարի» շուրջ բռնկված սկանդալից հետո ամերիկացի սևամորթ երգիծաբանը ստիպված էր եղել նորից գրել իր մենախոսությունը, որպեսզի այն հավելի սրամիտ արտահայտություններ սպիտակամորթ հավակնորդների և վիրավորված աֆրոամերիկացիների մասին:
Իր գլխավոր խոսքը կատակերգուն ավարտել է՝ լրջորեն ընդգծելով. «Մենք ցանկանում ենք պարզապես հնարավորություն ունենալ: Մենք ցանկանում ենք, որ սևամորթ դերասանները ունենան հավասար հնարավորություն»:
Ստորև ներկայացնենք «Օսկարի» բոլոր հաղթողներին՝
Լավագույն դերասան – Լեոնարդո դի Կապրիո/ «Փրկվածը»
Լավագույն դերասանուհի – Բրի Լարսոն / «Սենյակը»
Լավագույն ֆիլմ – «Ուշադրության կենտրոնում»
Լավագույն ռեժիսոր – Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու / «Փրկվածը»
Լավագույն սցենար – Թոմաս Մակքարթի, Ջոշ Սինգեր / «Ուշադրության կենտրոնում»
Լավագույն անիմացիոն ֆիլմ – «Գլուխկոտրուկ»
Լավագույն օտարալեզու ֆիլմ – «Սաուլի որդին»
Լավագույն կոմպոզիտոր – Էնիո Մորիկոնե / «Զզվելի ութնյակը»
Լավագույն երգ – «Writing’s On The Wall» /«007. Սպեկտր»
Երկրորդ պլանի լավագույն դերասան- Մարկ Ռայլենս / «Հետախուզական կամուրջ»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ալիսիա Վիկանդեր/« Դանիացի աղջիկը»
Լավագույն վավերագրական ֆիլմ – «Էմի»
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ – «Արջի պատմությունը»
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ – «Աղջիկը գետում. ներման գինը»
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ – «Կակազողը»
Լավագույն մոնտաժ – «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը»
Լավագույն օպերատորական աշխատանք – Էմանուել Լյուբեցկի / «Փրկվածը»