Մինչ 2013 թվականի Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտորությունները, պահպանողական և ռեֆորմիստական քաղաքական ուժերը Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին երկրի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների շուրջ չունեին միասնական դիրքորոշում: Ներքին հակասություններ կային նաև պահպանողականների միջև: Ավելին` պահպանողական ուժերի որոշ ներկայացուցիչներ ջանք չէին խնայում երկրում պահպանողական քաղաքական ուժը պառակտելու համար:
Սակայն, 2013 թվականի նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանիի հաղթանակով երկրում նոր կառավարությունը որդեգրել էր կառավարման պահպանողական, սակայն չափավոր ուղղությունն, ինչը նպաստեց երկու ընդդիմադիր ճամբարների միջև առկա հակասությունների մեղմացմանը: Հասան Ռոուհանիի կոնսոլիդացված քաղաքականությունը հանգեցրեց ԻԻՀ-ում քաղաքական և սոցիալական նոր չափորոշիչների վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության ձևավորմանը:
Արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Իսլամական Հանրապետությունում փետրվարի 26-ին տեղի ունեցան առաջին համազգային քվեարկությունները՝ խորհրդարանականների և փորձագետների խորհրդի ընտրությունները:
Նախընտրական պայքարում խորհրդարանական ընտրություններին հաղթելու համար պայքարում էին հետևյալ հիմնական քաղաքական ուժերը՝ պահպանողականներ, ռեֆորմիստներ և չափավորներ:
Ռեֆորմիստների կողմնակիցները, որոնք աջակցություն էին ցուցաբերում Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին, ձևավորել էին «Հույսի ցուցակ» կոալիցիան: Այդ քայլով նրանք նպատակ ունեին նվազեցնել պահպանողականների թիվը երկու պետական մարմիններում՝ խորհրդարանում և փորձագետների խորհրդում:
Վերջինս երկրի հոգևոր առաջնորդին ընտրող կրոնական մարմին է: 88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդը կձևավորվի առաջադրված 161 թեկանծուներց 8 տարի ժամկետով: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ձևավորվում է 290 անդամներից 4 տարի ժամկետով, որի համար պայքարում էր 6 հազար թեկնածու, որոնց թվում կար 600 կին:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ ռեֆորմիստները և չափավոր թեկնածուները վճռական հաղթանակ են տարել Թեհրանում, իսկ պահպանողական ուժերը խորհրդարանում զրկվել են ձայների մեծամասնությունից, հաղորդում է BBC-ն: Ընտրությունների հայտարարված արդյունքների համաձայն՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից հանդես եկող ռեֆորմիստներն ու չափավոր ուժերն, ամենայն հավանականությամբ, ստացել են Թեհրանում իշխանական մարմինների բոլոր՝ 30 տեղերը: Փորձագետների խոսքով՝ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, Ռոուհանիի դիրքերն ամրապնդվել են, ինչը կարող է ռեֆորմիստներին թույլ տալ խորացնել Արևմուտքի հետ երկխոսությունը:
Սակայն, նորընտիր պահպանողական խմբակցությունների պատգամավորները դեմ են հանդես գալիս Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների ձևավորմանը՝ հետամուտ լինելով Ռուսաստանի հետ կառուցողական և հավասարակշիռ հարաբերությունների զարգացմանը:
Իրանի ողջ տարածքում քվեարկությանը մասնակցել Է ընտրողների ավելի քան 60 տոկոսը կամ 33 միլիոնից ավելի մարդ: Համաձայն Իսլամական Հանրապետության օրենսդրության՝ ընտրությունների վերջնական արդյունքները պետք Է հրապարակվեն ընտրությունների օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, հաղորդել Է ТАСС-ը:
Անկախ ընտրության արդյունքներից՝ կարող ենք արդեն իսկ փաստել Հասան Ռոուհանիի թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականությունը գրանցել է ակնհայտ հաջողություն՝ մեղմելով ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև առկա հակասությունները: