Ուկրաինան, «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում մեկամյա բացակայությունից հետո հանդես կգա միջազգային հանրությանն ուղղված «կոչով»: Անցյալ տարի Ուկրաինայի՝ Եվրատեսիլ երգի մրցույթին չմասնակցելը պայմանավորված էր Մայդանում տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններով, Ղրիմի անկախության հանրաքվեով և երկրի արևելյան հատվածում պատերազմի առկայությամբ:
Այս տարի Ուկրաինան կմասնակցի «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին: Երկիրը ներկայացնելու է 32-ամյա երգչուհի Սուսանա Ջամալադինովան (կեղծանունը՝ Ջամալա): Երգչուհին ծնվել է Ղրիմի թաթարի և հայուհու ընտանիքում: Եվրատեսիլում Ջամալան կներկայացնի «1944» ստեղծագործությունը, որը նվիրված է ՝ Ստալինի օրոք Երկրորդ համաշխարային պատերազմի ընթացքում Ղրիմի թաթարների զանգվածային տեղահանություններին:
Ողջ թաթարական ժողովուրդը՝ շուրջ 200 հազար մարդ Ստալինի հրամանով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հետ համագործակցության պատրվակով բռնաճնշումների զոհ դառնալով տեղահանվել էր Ղրիմից: Արագությամբ և ծավալներով սովետական վարչակարգի պատմության մեջ դա աննախադեպ տեղահանություն էր, քանի որ ներառեց տեղի ողջ ժողովուրդին (Ղրիմի թաթարներ, հայկական բնակչություն, գերմանացիներ, հույներ): Այդ գործողությունը, որն իրականացվել էր ՆԳԺԿ (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ)-ի 32000 գործակալների կողմից, տևել էր 2 օր՝ 1944 թվականի մայիսի 18-ից մինչև 20-ը:
«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում Ջամալայի ներկայացրած ստեղծագործության շուրջ առկա են տարբեր կարծիքներ:
Ղրիմի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները բավական բացասական են արձագանքել միջազգային երգի մրցույթում նման երգի ներկայացումն Ուկրաիանայի ներկայացուցչի կողմից: Ղրիմի նախագահ Սերգեյ Ակսյոնովը պնդել է, «որ Ջամալան քաղաքականացնում է մրցույթը, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս»,- հաղորդել է Slawyanka.info-ն:
Ըստ Hronika.info-ի տրամադրած տվյալների՝ Ղրիմի կառավարության փոխվարչապետ Ռուսլան Բալբեկը Ջամալայի ներկայացրած ստեղծագործությունը «սրբապղծություն» է որակել՝ որպես ղրիմ-թաթարների ողբերգության շահարկում քաղաքական ամբիցիաների բավարարման համար:
Կոշտ դիրքորոշում են արտահայտել նաև ՌԴ իշխանությունները: ՌԴ Պետդուման, քննադատելով Ջամալայի ներկայացրած ստեղծագործությունը, կոչ է արել «Եվրատեսիլ» երգի մրցույթի ղեկավարությանը չթույլատրել «1944» երգի ներկայացումը: Այս մասին հաղորդել է News Liga-ն:
ՌԴ Պատգամավոր Վիտալի Միլոնովը նամակ հղելով լեհ շոուբիզնեսի ներկայացուցիչներին, առաջարկել է Ռուսաստանի և Լեհաստանի կողմից ներկայացնել մեկ մասնակից, ով կներկայացնի ստեղծագործություն 1943 թվականի Վոլինյան կոտորածի (Էթնիկ զտում, որն իրականացվել է լեհերի նկատմամբ Վոլինիայում ուկրաինացի ազգայնականներ կողմից) մասին: Ըստ Միլոնովի՝ դա կլինի համարժեք արձագանք:
Չմոռանալով Եվրատեսիլ մրցույթի անցկաման կանոնակարգը «Եվրատեսիլ» երգի փառատոնի փորձագետ, «Ռադիո Շվեդիա»-յի միջազգային խմբագրության տնօրենի տեղակալ՝ Քրիստիան Բոսվելլը, մեկնաբանելով Ջամալայի ներկայացրած ստեղծագործության շուրջ առաջացած հակասություները, նշել է, որ այն երգերը որոնք կունենան քաղաքական երանգավորում, կենթարկվեն փոփոխությունների կամ կորակազրկվեն: Այս մասին հաղորդել է Inosmi կայքը:
Ներկայումս, մրցույթի պաշտոնական ներկայացուցիչ Փոլ Ջորդանի խոսքերով քննադատությունների ալիք բարձրացրած ստեղծագործությունը գտնվում է ստուգման փուլում: Իր հարցազրույներում, սակայն, Ջամալան բազմիցս նշել է, որ իր ներկայացրած ստեղծագործությունը քաղաքականացված չէ՝ միևնույն ժամանակ շարունակելով պնդել, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային:
Ղրիմի թաթարների զանգվածային տեղահանությունների վերաբերյալ դեռևս 2014 թվականի ապրիլին ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր «Ղրիմի ղրիմ-թաթարական և այլ ժողովուրդների իրավունքների վերականգման մասին», ովքեր ստալինյան բռնաճնշումների զոհ էին դարձել: Ռուսները նման կերպ ներողություն են խնդրել 1944 թվականի ԽՍՀՄ ներքին գործերի կոմիսարիատի որոշման համար: Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո Մոսկվան Ղրիկում սկսեց նաև տեղահանված ժողովուրդների «ռեաբիլիտացիոն» ծրագրեր, որոնք, ի դեմ, ուկրաինական կառավարման շրջանում, բացակայում էին: Համաձայն Ղրիմի Հանրապետության սահմանադրության՝ ղրիմ-թաթարերեն լեզուն ճանաչվել է որպես 3-րդ պետական լեզու՝ ռուսերենից և ուկրաիներենից հետո:
Ամփոփելով, կարող ենք ենթադրել, որ մի բան ակնհայտ է. Ուկրաինայի համար Ջամալայի մասնակցությունը «Եվրատեսիլ 2016» մրցույթին դառնում է ևս մեկ միջոց՝ տարածաշրջանում շրջադարձային իրադարձությունների շուրջ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար: