Այսօր Բրյուսելում կգումարվի ԵՄ-Թուրքիայի գագաթաժողով, որին կհետևի ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը: Երկու նիստերի հիմնական թեման միգրացիոն ճգնաժամն է:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ քննարկվելու է թուրքական տարածքով Եվրոպա միգրանտների հոսքի սահմանափակումը, հաղորդում է TASS-ը: ԵՄ-ն մտադիր է նվազեցնել այդ թիվը մինչև օրը հազար մարդ: Բացի այդ, Անկարան պետք է պատրաստակամություն հայտնի հետ ընդունել այն միգրանտներին, ում ԵՄ-ում կհրաժարվեն ապաստան տրամադրել:
Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակության դիմաց պայմանավորվածություն է ձեռք բերվել թուրքական տարածքում ստեղծել միգրանտների ճամբարներ:
Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության, վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր կոչ է անելու իր եվրոպացի գործընկերներին աջակցություն ցուցաբերել Թուրքիային, ինչպես նաև տեխնիկական օգնություն տրամադրել Հունաստանին, որպեսզի արագացվի հայցերի դիտարկման և միգրանտների հետ վերադարձի գործընթացը: