Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ արդեն 2016 թվականին կվերացվի երկրների միջև վիզային ռեժիմը, հաղորդում է РИА Новости-ն։
Մարտի 16-ին Պրահայում ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ նախատեսված հանդիպումից առաջ Աբաշիձեն հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ կքննարկի արդեն երկու ամիս գործող պարզեցված վիզային ռեժիմի մանրամասները:
«Մենք կքննարկենք, թե ինչպես է գործում վիզային ռեժիմը, կա՞ն արդյոք մեր կողմից խնդիրներ և հարկավո՞ր է մեզ ինչ-որ բան անել այդ ուղղությամբ: Վիզային ռեժիմն իսկապես զգալիորեն պարզեցվել է, և մենք չենք բացառում, որ այս տարի այն ընդհանրապես կվերացվի»,- հայտարարել է Աբաշիձեն: Նրա խոսքով՝ օրակարգում կլինեն նաև առևտրա-տնտեսական, տրանսպորտային և մարդասիրական հարցեր: