Թեհրանի կողմից նոր բալիստիկ հրթիռների փորձարկումն առաջ է բերել ԱՄՆ Կոնգրեսի սուր արձագանքը: Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է նորանոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ, քանի դեռ «այս ռեժիմը չի հրաժարվել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ իր ագրեսիվ և սադրիչ պահվածքից», - գրում է РИА ФАН-ը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչի կարծիքով` Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը միջազգային օրենքների խախտում է: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարք Թոներն էլ, իր հերթին, հայտնել է, որ երկրի ղեկավարությունը մտադիր է ուսումնասիրել միջադեպը և անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ «միակողմանի պատժամիջոցների» հարցը ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ:
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական լրատվամիջոցները հայտնեցին «Վելայաթ 1» հրթիռների զորավարժության ավարտի մասին, որի շրջանակներում մի քանի բալիստիկ հրթիռներ են փորձարկվել: Դրանցից Qadr-F տիպի հրթիռը 2000 կիլոմետր հեռահարություն ունի:
Իրանական իշխանությունները հայտարարում են, որ բալիստիկ հրթիռների փորձարկումները չեն հակասում ո'չ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ո'չ ՄԱԿ-ի ԱԽ-ի №2231 բանաձին, որի համաձայն միջուկային համաձայնագրի գործելուց հետո ևս 8 տարի Իրանը պետք է զերծ մնա միջուկային զենք տեղափոխող բալիստիկ հրթիռներ փորձարկելուց: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակը: Ըստ իրանական իշխանությունների` հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտական գլխիկներ տեղափոխելու համար, և Իրանն ատոմային զենք մշակելու մտադրություն չունի:
Իրանի կողմից բալիստիկ հրթիռների կիրառման հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև 2015 թվականի հոկտեմբերին՝ վտանգի տակ դնելով Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագիրը: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիմեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցային հանձնաժողովին՝ խնդրելով հետաքննել Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների վերջին փորձարկման միջադեպը:
Սակայն, իրականում, այս հարցի շուրջ միջազգային հանրության շրջանում միակարծություն չկա: Շատ երկրներ չեն ցանկանում նոր պատժամիջոցների կիրառմամբ հարված հասցնել Իրանի հեր հարաբերությունների կարգավորման գործընթացին: Իրանում ևս Արևմուտքի հետ հարաբերությունների նոր սրացում չեն ակնկալում:
Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումն անհանգստություն է առաջացնում հատկապես Իսրայելում, որտեղ կարծում են, որ դրանք ուղղված են իրենց դեմ: Իսրայելին հանգստացնելու նպատակով նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ եթե Իրանը խախտի միջուկային գործարքի պայմանները, «ԱՄՆ-ը գործելու է»: