Եվրասիական տնտեսական միությունն ակտիվ վարում է ընդլայնման ու ինտեգրման պրոցեսներ: Հաշվի առնելով միության կողմից ներկայումս ընթացող բանակցությունները միջազգային կառույցների և առանձին պետությունների հետ, կարելի է առաջիկայում սպասել ԵԱՏՄ ընդլայնման նոր փուլ:
Ներկայացնենք Եվրասիական տնտեսական միության արտաքին կապերը երկու ասպեկտով՝ արդեն իսկ կնքված համագործակցության հուշագրերը, և բանակցությունների փուլում գտնվող գործընթացները:
Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիր ԵԱՏՄ և Վիետնամի Հանրապետության միջև: 2015թ. ամռանը Ղազախստանում ստորագրված պայմանագիրը, փաստորեն, հանդիսանում է ԵԱՏՄ և երրորդ երկրի միջև ազատ առևտրային հարաբերությունների մասին առաջին փաստաթուղթը: Այն ենթադրում է արդեն 2020թ. ԵԱՏՄ –Վիետնամ առևտրաշրջանառությունը ներկայիս 4 մլրդ դոլար մակարդակից հասցնել 8-10 մլրդ դոլարի:
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրին անցման բանակցություններ: Գործընթացը մեկնարկել է նախորդ տարվա վերջին՝ Իրանի՝ պատժամիջոցներից ազատվելու նախաշեմին: Առաջին պաշտոնական հայտարարությունը հնչեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևի կողմից: Կողմերի միջև գործընթացի մեկնարկը նախատեսում է հանձնաժողովի ստեղծում, որը կզբաղվի երկուստեք օգուտների հաշվարկներով ու ըստ այդմ՝ ազատ առևտրի գոտու մասին հնարավոր համաձայնագրի հնարավորությունների ու կոնկրետ առաջարկների մշակմամբ:
Ներկայումս կողմերը գտնվում են հնարավոր համաձանագրի ֆորմատի որոշման փուլում: ՌԴ Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչովի խոսքերով, Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը չի ունենա այն դասական տեսքը, որը ԵԱՏՄ ունի Վիետնամի հետ և հնարավոր համաձայնագրի ֆորմատն արդեն այս տարվա առաջին կեսին կորոշվի:
Եգիպտոսն ու ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի կստեղծեն: Վլադիրմիր Պուտինի՝ Եգիպտոս կատարած փետրվարյան այցին հաջորդեց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս-Սիսի հայտարարությունը, համաձայն որի՝ Եգիպտոսն ու ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի կստեղծեն: Եգիպտոսի նախագահի հայտարարությանը հաջորդեց պաշտոնական Ղազախստանի արձագանքն՝ ի դեմս նախագահ Նուրսուլթան Նազարբաևի. «Մենք ողջունում ենք Կահիրեի որոշումը՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին»:
ԵԱՏՄ և Հնդկաստանն ազատ առևտրի գոտու ստեղծման տեխնիկական փուլում են: Սույն թվականի փետրվար ամսին ՌԴ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Փանկաջ Սարան հանդես եկավ Նյու Դելիի պատրաստակամության մասին հայտարարությամբ՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու աշխատանքների մեկնարկի համար: Ավելին, դեսպանի փոխանցմամբ, Հնդաստանը ցանկություն ունի ասոցացվելու ԵԱՏՄ-ին: Ներկայումս ստեղծված է աշխատանքային խումբ, որի կողմից իրականացվող հետազոտությունների ավարտին անմիջապես կհետևի պայմանագրի ստեղծման գործընթացը: Դեսպանի խոսքերով, սակայն, «կարևոր է նկատել, որ ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև ասոցացման մասին քաղաքական համաձայնություն արդեն կա»:
Իսրայելը՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ջատագով: Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի անցման պատրաստակամություն է հայտնել նաև Իսրայելը:
Մասնավորապես, ՌԴ-ում Իսրայելի դեսպանատան լիազորված նախարար Ալեքս Գոլդման-Շայմանը հայտնել է, որ ՌԴ-Իսրայել հարաբերությունների հոբելյանական տարում, այդ երկիրը ցանկանում է վերացնել բոլոր տեսակի առևտրային ու մաքսային խոչընդոտները ՌԴ հետ: Նա նշել է, որ Իսրայելը պատրաստ է այս տարի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայանգիր կնքել:
Նշենք, որ այս տարի լրանում է ՌԴ հետ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը:
Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու անցման մասին համաձայանգրի պատրաստակամություն հնչել է նաև Թայլանդի, Զիմբաբվեի և Ինդոնեզիայի կողմից: Ազատ առևտրային հարաբերություններին անցման բանակցությունների փուլում են նաև ԵԱՏՄ ու Չինաստանը:
Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ամենաթարմ բանակցությունները մեկնարկեցին ընթացիկ ամսվա սկզբին՝ Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ: ՌԴ Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչովի խոսքերով, ԵԱՏՄ և ՇՀԿ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցություններ կսկսվեն. «2015թ. դեկտեմբեր ամսին ՇՀԿ ղեկավարների խորհրդի կողմից կազմակերպությանը նման առաջարկով են դիմել մեր ղազախ գործընկերները: Եվ մենք զարգացրեցինք այդ առարակը»,- մասնավորապես նշում է Լիխաչովը:
Ռուսական լրատվմիջոցների փոխանցմամբ, ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցություններ են ընթանում շուրջ 40 երկրների հետ:
Ներկայացնում ենք նաև ԵԱՏՄ կնքած համագործակցության և փոխըմբռնման հուշագրերի ցանկը.