Գերմանիայի երեք նահանգներում իրականացված տեղական ընտրությունների արդյունքում հակամիգրացիոն դիրքորոշում ունեցող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն աննախադեպ հաջողություն է գրանցել` տեղ ապահովելով բոլոր երեք նահանգների խորհրդարաններում:
Բանդեն-Վյուրտեմբերգի, Ռեյնլանդ-Պֆալցի բնակիչները երկրի արևմուտքում ու Սաքսոնիա-Անհալթի բնակիչները՝ արևելքում, նախընտրել են «Քրիստոնեա-դեմոկրատական միության» մրցակիցներին:
Գերմանացի ընտրողներն այսպիսով կարծես պատժում են Մերկելին նրա վարած միգրացիոն քաղաքականության համար: Նման արդյունքները ցույց են տալիս հասարակության տրամադրվածությունը Մերկելի վարած ներգաղթյալների նկատմամբ զիջումային քաղաքականության նկատմամբ:
«Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում միգրացիոն քաղաքականության վերաբերյալ՝ մենք չենք ցանկանում ընդունել փախստականներին: Ընտրողները, որոնք քվեարկել են մեզ համար, աջակցում են նման ընթացքը», - հայտնել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչներից մեկը:
Բեռլինում անգամ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ մոտ երկու հարյուր հազար աջերի մասնակցությամբ, որոնք թափահարելով գերմանական դրոշները, հնչեցրել են «Մերկելը պետք է գնա» և «Մենք ժողովուրդն ենք» կոչերը:
Տարեսկզբին գերմանացի սոցիոլոգները հայտարարել են ՔԴՄ/ՔՍՄ աջ կենտրոնամետ դաշինքի վարկանիշի ռեկորդային անկման մասին: Ընդ որում, հարցումները վկայում են աջ եվրահոռետեսների՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ազդեցության աճի մասին: Դրա աջակցության մակարդակն այժմ կազմում է 12,5 տոկոս այն դեպքում, երբ 2013 թվականին ԱԳՀ-ն հավաքել էր ձայների ընդամենը 4,7 տոկոսը և նույնիսկ չէր անցել խորհրդարան:
Հիշեցնենք նաև, որ զուգահեռաբար նման հակամիգրացիոն տրամադրություններ են գերիշխում նաև հարևան Ֆրանսիայում, և ինչու ոչ, այլ շատ եվրոպական երկրներում: Ոչ վաղ անցյալում, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեծ հաջողությունների հասավ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը: Իր ազգայնասիրական և հակամիգրացիոն հայացքներով 47-ամյա Լը Պենը հասցրել է գրավել բազմաթիվ ֆրանսիացիների սրտերը, ովքեր հոգնել են իրենց երկրում օրեցօր աճող փախստականների թվերից:
Ուստի հաշվի առնելով այն ազդեցությունը, որ Եվրոպայի ներքաղաքական կյանքի վրա ներկայումս թողում են փախստականները, ամենևին բացառված չէ, որ այս ճգնաժամից Եվրոպան դուրս կգա նոր՝ ծայրահեղական դեմքով: