ՄԱԿ-ը ստիպված է դադարեցնել մարդասիրական օգնության մատակարարումը պաշարված սիրիական քաղաքներ՝ երկրում վտանգավոր իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Ցավոք սրտի, ավտոշարասյուները, որոնք ծրագրված էին Մադայայի, Զաբադանիի, Ֆուայի և Կեֆրաիի համար, հարկադրաբար կանգնեցվել են անվտանգության նկատառումներով։ Մատակարարման ծրագրերը կվերանայվեն, երբ անվտանգության ոլորտում իրավիճակը թույլ տա»,- ասել է Դյուժարիկը։
ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունները հունվարից` Սիրիայի կառավարությունից թույլտվություն ստանալուց հետո, սկսել էին սննդամթերքի և դեղորայքի մատակարարումներ իրականացնել պաշարված քաղաքներ։
Տարեսկզբից մոտ 238 հազար սիրիացի պարենային և բժշկական օգնություն է ստացել։ Սակայն ՄԱԿ-ի գնահատականներով՝ այդ շրջաններում ապրում է ավելի քան 4.6 մլն մարդ։