Դաղստանում ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել Ռուսաստանում արգելված «Նուրջուլար» կրոնական կազմակերպության անդամների ձերբակալման համար: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում՝ մեկ ադրբեջանցի:
Նշենք, որ «Նուրջուլար» շարժումը հիմնադրվել է Թուրքիայում 20-րդ դարի սկզբին ազգությամբ քուրդ Սաիդ Նուսրի կողմից, ով քարոզում էր շարիաթական պետության ստեղծումը: Այս կրոնական շարժման գործունեությունը Թուրքիայում արգելվել է Աթաթուրքի իշխանության գալուց հետո, քանի որ վերջինս աշխարհիկ կառավարման կողմնակից էր: Այսօր Թուրքիայում տվյալ շարժման ամենահայտնի կողմնակիցը Ֆեթուլլահ Գյուլենն է, ում հետևորդները հայտնի են սակայն ոչ թե որպես նուրսիստներ, այլ՝ գյուլենականներ: Նշենք, որ 1970-ականներից Թուրքիայում չափավոր իսլամ քարոզող Գյուլենը ժամանակի ընթացքում դարձել է բավականին ազդեցիկ գործիչ Թուրքիայում: Նա այսօր էլ վերահսկում է կրոնական իսլամական ուսումնական հաստատությունների հսկայական ցանց, ղեկավարում է խոշոր բարեգործական ընկերությունները, ինչպես նաև ԶԼՄ-ներ: Այս ազդեցությունն իր ժամանակին բավականին հմտորեն օգտագործվել է Էրդողանի կողմից. որոշ փորձագետները գրում են, որ հենց Գյուլենի հետ համագործակցության շնորհիվ է Էրդողան հաջողվել երեք անգամ հաղթել ընտրություններում (2003, 2007 և 2011):
Գյուլենականների նման մեծ հեղինակությունը նպաստեց Խորհրդային միության փլուզումից հետո Հյուսիսային Կովկասում նուրսիստական գաղափարախոսության տարածմանը: Տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունը նուրսիստները կամ գյուլենականները ձեռք բերեցին մասնավորապես Ադրբեջանում՝ կապված Թուրքիայի հետ վերջինիս հարաբերությունների առանձնահատկություններով: Սակայն, այն բանից հետո, երբ 2013 թվականի կոռուպցիոն սկանդալի պատճառով Էրդողանի և Գյուլենի հարաբերությունները փչացան, Ադրբեջանում (2014 թվականից) սկսեցին հետապնդել այս շարժման հետևորդներին: Այդ մասին հոգացել է հենց ինքը՝ Էրդողանը, ով 2014 թվականի գարնանը Բաքու կատարած այցի ժամանակ Ալիևին փոխանցեց Ադրբեջանի ղեկավարությունում առկա նուրսիստների անունները՝ հայտարարելով, որ նուրսիստները վտանգ են ներկայացնում երկու պետությունների համար: Արդյունքում Ադրբեջանում ևս նուրսիստների նկատմամբ սկսեցին տարաբնույթ հետապնդումներ և ձերբակալություններ: Նուրսիստների վերջին զանգվածային ձերբակալությունը տեղի ունեցավ 2015 թվականի աշնանը:
Ադրբեջանում նուրսիստական գաղափարախոսության նման տարածվածությունը խոսում է երկրում իսլամիստական գաղափարախոսության տարածման համար բարենպաստ հողի առկայության մասին, ինչը վտանգավոր է ինչպես Ադրբեջանի իշխանությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: