Այս փուլում Ռուսաստանը չի պատրաստվում չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացների համար: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ Պրահայում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի օգնական Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից առաջ:
Այժմ Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Վրաստան առանց վիզաների, սակայն Վրաստանի քաղաքացիները Ռուսաստան այցելելու համար պարտադիր պետք է ստանան վիզա:
«Այն, որ Վրաստանը չեղարկել է ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը, նրա սուվերեն իրավունքն է: Մենք նման բան չենք կարող անել մի շարք պատճառներով, այդ թվում՝ անվտանգության նկատառումներով: Պետք է շարժվել դեպի չեղարկում, սակայն նման որոշման մասին դեռ խոսք չի կարող լինել»,- նշել է Կարասինը:
ՌԴ փոխարտգործնախարարները նաև նշել է, որ տարեկան Վրաստանի շուրջ 25 հազար քաղաքացի ստանում է ՌԴ վիզա:
Հիշեցնենք, որ 2015թ-ի դեկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ 2016թ-ի փետրվարի 23-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կդյուրցվի՝ հետագայում լրիվ չեղարկման հեռանկարով: