Սիրիայից ռուսական ռազմական կոնտինգենտի հիմնական մասի դուրսբերումից և Ժնևում միջսիրիական բանակցություններից քրդերին բացառելուց հետո ակնկալվում է, որ Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանները պետք է հայտարարեն դաշնության ստեղծման մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով քուրդ պաշտոնյայի հայտարարությանը: Վերջինս ասել է, որ քաղաքական կարգավորման գործընթացից դուրս մնալու արդյունքում քրդերը որոշել են ինքնուրույն լուծել իրենց հարցերը:
Ակնկալվում է, որ Սիրիայի հյուսիսային երեք շրջաններ (Աֆրին, Քոբանի, Ջազիրա) դաշնային համակարգ են հռչակելու: Այն կոչվելու է Հյուսիսային Սիրիայի դաշնություն և ներկայացնելու է այդ շրջաններում ապրող բոլոր էթնիկ խմբերին: Սիրիայի քրդերը թուրք-սիրիական սահմանի մոտակայքում շուրջ 400 կիլոմետր տարածք են վերահսկում: Այս շրջանները փաստացի 2012 թվականից գտնվում են նրանց վերահսկողության տակ:
Սիրիական իշխանությունները կտրականապես դեմ են հանդես գալիս երկրի տարածաքային ամբողջականությունը վտանգող ցանկացած նախաձեռնության կամ հայտարարության: Սիրիայի նախագահի խորհրդականը Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ «բոլոր նրանք, ովքեր խոսում են Սիրիայի մասնատման կամ դաշնայնացման մասին, տեղյակ չեն Սիրիայի պատմությանը և չեն ճանաչում նրա ժողովրդին», գրում է սիրիական տեղեկատվական SANA գործակալությունը: Իսկ Ժնևում միջսիրիական բանակցություններում սիրիական կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ալ-Ջաաֆարին հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն Սիրիայի միասնականության պահպանման համար, և սիրիացիաների միջև բաժանանար գիծ անցկացնելը սխալ կլինի:
Հատկանշական է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել է, որ Մոսկվան կպաշտպանի Սիրիայում ցանկացած պետական կառուցվածք (դաշնայնացում, ապակենտրոնացում, ունիտար պետություն), որը կընտրի այդ երկրի ժողովուրդը: Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ հերթական անգամ Ժնևի բանակցություններից քրդերին բացառելը մեծապես վտանգում է Սիրայի տարածքային ամբողջականությունը:
Սիրիայում քրդական ինքնավարության գաղափարն անընդունելի է հատկապես Թուրքիայի համար, որն ամեն ինչ անում է քրդական անկախ միավորի ստեղծումը կանխելու և քրդերին տրամադրվող աջակցությունը դադարեցնելու համար: Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը Reuters գործակալությանն այսօր հայտնել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի ազգային միասնությանը, և միակողմանի գործողությունները, ինչպիսին է դաշնության հռչակումը, չի կարող օրինական համարվել:
Վերջին շրջանում Սիրիայի դաշնայնացման շուրջ քննարկումներն ավելի ակտուալ են դարձել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրիական հակամարտության արդյունքնում քրդերն էապես ամրապնդել են իրենց դիրքերը երկրում և ինքնուրուն են վերահսկում քրդաբնակ շրջանները, բացի այդ, զգալի արտաքին աջակցություն են ստանում՝ վերլուծաբանները կարծում են, որ նրանք չեն հրաժարվի իրենց գրաված դիրքերից՝ առնվազն պահանջելով ինքնավար մարզի կարգավիճակ: