Առաջիկա օրերին Թուրքիայի և Եվրոպական միության միջև պետք է ստորագրվի գործողությունների ծրագիր փախստականների հարցերի մասին, որի շուրջ կողմերը նախնական համաձայնության էին եկել մարտի սկզբին կայացած Թուրքիա-ԵՄ արտահերթ գագաթաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Եվրոպական Միություն երկրորդ գագաթաժողովն ավարտվել էր առանց վերջնական արդյունքների: Անկարան և Բրյուսելը հայտարարել էին, որ իրենց հավելյալ ժամանակ է անհրաժեշտ համատեղ ծրագրի համաձայնեցման և առանձին մանրամասների մշակման համար:
Այս լրացուցիչ ժամանակը ծառայում է ոչ միայն համաձայնության առանձին դրույթների հստակեցման, այլ նաև որքան հնարավոր է շատ պահանջներ ներկայացնելու և միմյանցից հնարավորինս շատ օգուտներ կորզելու համար:
Ի՞նչ է պահանջում Թուրքիան:
Թուրքիան ուզում է կրկնապատկել ավելի վաղ ԵՄ-ի հետ համաձայնեցված օգնության գումարը՝ 3 միլիարդ եվրոյից հասցնելով 6-ի, արագացնել վիզաների չեղարկման գործընթացը և նոր գլուխներ բացել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններում:
Փոխարենը, Անկարան խոստանում է եվրոպական միջոցների հաշվին հետ ընդունել բոլոր փախստականներին, որոնք ապօրինի կերպով կհասնեն հունական կղզիներ: Թուրքիա վերադարձված յուրաքանչյուր փախստականի դիմաց եվրոպական երկրները ապաստանի իրավունքով Թուրքիայից կընդունեն մեկ սիրիացի փախստականի:
Ի՞նչ քայլերի է պատրաստ Եվրոպական Միությունը:
ԵՄ ղեկավարները հայտարարում են, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատել «վիզաների ազատականացման ճանապարհային քարտեզի իրականանցումն արագացնելու և ամենաուշը մինչև 2016 թվականի հունիսի վերջը Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ վիզային պահանջների չեղարկման ուղղությամբ»: Ինչ վերաբերում է անդամակցության բանակցություններին, ԵՄ-ն խոստանում է «պատրաստվել որքան հնարավոր է շուտ բանակցություններում նոր գլուխներ բացելու որոշմանը»: Բայց, ըստ էության, սա ընդամենը Թուրքիային բավարարելու նպատակով արվող հայտարարություն է, և ոչ ավելին:
Ընդ որում, ԵՄ-ում հստակ հասկանում են, որ հավելյալ գումարներ խնդրելը կարող է շարունակական դառնալ: Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարում է, որ ԵՄ գագաթաժողովի ժամանակ Թուրքիային զգուշացնելու է զերծ մնալ շանտաժից: «Թուրքիայի հետ համագործակցությունը կարևոր է, բայց շանտաժի որևէ նշան չպետք է լինի», - Ֆրանիսայի վարչապետի խոսքերը մեջբերում է Agence France-Presse-ը:
Թուրքական շանտաժից խուսափելու կոչ է անում նաև Չեխիան, որի կարծիքով փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու դիմաց հավելյալ 3 միլիարդ եվրո պահանջելով Թուրքիան շանտաժի է ենթարկում ԵՄ-ին: «Ինձ նման անկիրթ մարդիկ դա շանտաժ են անվանում», - ասել է Չեխիայի նախագահը:
Չնայած ԵՄ-ում հասկանում են թուրքական խաղի իմաստը, այնուամենայնիվ, չեն ցանկանում կտրուկ բացառել անդամակցության հնարավորությունը՝ առանձին պաշտոնյաների մակարդակով հայտարարելով մի շարք հոդվածների շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին: Բայց ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է ասում, Թուրքիայի անդամակցության հարցը ԵՄ-ի օրակարգում չկա:
Թուրքիա-ԵՄ գործարքը քննադատությունների ալիք է բարձրացրել ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես էլ իրավապաշտպանների շրջանում: Բայց հաշվի առնելով անցյալի փորձը՝ կարելի է վստահաբար ասել, որ նման գործարքի կնքումն ավելի քան իրատեսական է: