Բելգիայի ոստիկանությունն արդեն երկու օր է, ինչ հակաահաբեկչական գործողություններ է ծավալում մայրաքաղաք Բրյուսելում: Որոնվում են նախորդ տարի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կասկածայլաները:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 130 մարդ։
Մարտի 15-ի երեկոյան ոստիկանները ստուգումներեն սկսել մայրաքաղաքի հարավային Ֆորե շրջանում գտնվող բնակարաններից մեկում, որտեղ, ենթադրաբար, պետք է թաքնված լինեին կասկածյալները: Տեղի իշխանությունները հայտնում են, որ մեկ կամ մի քանի զինված անձինք կրակել են ոստիկանների վրա, երբ նրանք բացել են բնակարանի դուռը: Վիրավորվել է երեք բելգիացի և մեկ ֆրանսիացի կին ոստիկան: Հարձակվողներից մեկը սպանվել է: Նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ:
Խուզարկության ընթացքում այդ տանը հայտնաբերվել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հաղորդել է, որ Բրյուսելում, որտեղ, ենթադրաբար, ծրագրվել են և նախապատրաստվել են փարիզյան ահաբեկչությունները, իրավապահների գործողությանը մասնակցել են նաև ֆրանսիական ոստիկանական ստորաբաժանումներ:
«Դա հատուկ գործողության ենթատեքստում էր: Բելգիացի և ֆրանսիացի ոստիկանների թիմը հայտնվել է գնդակոծության տակ» ,- ասել է նախարարը:
Իսկ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն իր հերթին այսօր հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են, ոստիկանները որոնում են փախուստի դիմած երկու անձի:
Ուշագրավ է սակայն, որ մինչ Բրյուսելում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են, բելգիացիները սոցցանցերում կրկին կատուների լուսանկարներ են տեղադրում և հումորով մակագրություններ թողնում: Բանն այն է, որ դեռ անցյալ տարվա հետախուզության ժամանակ, երբ Բրյուսելում արտակարգ իրավիճակ էր սահմանվել, ոստիկանները խնդրել էին համաքաղաքացիներին «չմատնել» իրենց հատուկ գործողությունները, որպեսզի հեշտ ու արագ իրականացվի օպերացիան, և իրավիճակի մեջ մտնող բելգիացիները սկսել էին համացանցում զանազան կատուների նկարներ տարածել և անհեթեթ մեկնաբանություններ գրել՝ այդպիսով կարծես «շեղելով» ահաբեկիչների ուշադրությունն ու թուլացնելով նրանց զգոնությունը:
Ոստիկանների հետ նման «համագործակցությամբ» բելգիացիները կարծես ցույց են տալիս նաև, որ չնայած այն լարվածությանն ու վախի մթնոլորտին, որ կա այժմ Բրյուսելում, նրանք հրաժարվում են ահաբեկիչների սպառնալիքներին գերին դառնալ և խուճապի մատնվելով հաճույք պատճառել վերջիններիս: