ԵՄ ղեկավարները Բրյուսելում բանակցություններ են անցկացնում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Նպատակն է վերջնական համաձայնության գալ փախստականների հարցով համաձայնագրի շուրջ: Ֆինանսական օգնության և քաղաքական աջակցության դիմաց Թուրքիան պատրաստակամություն է հայտնում հետ ընդունել ապօրինի ճանապարհով հունական կղզիներ հասած բոլոր փախստականներին:
Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ ոչ բոլոր անդամներն են կողմ նման համաձայնագրի ստորագրմանը՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վստահ է, որ կողմերը համաձայնության են գալու: Ընդ որում, Դավութօղլուն հայտարարում է, որ փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու Թուրքիայի առաջարկն ավելի շատ մարդասիրական հարց է, այլ ոչ թե սակարկման թեմա, նշում է թուրքական Hurriyet Daily News-ը:
Հենց այդ «մարդասիրական կամ եվրոպական արժեքների» կենսագործման համար Թուրքիան ԵՄ-ից 6 միլիարդ եվրո է պահանջում: Ավելին, երբ խոսք է գնում այն գումարը ճիշտ նպատակի՝ փախստականների պաշտպանության վրա ծախսելու մասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրդովվում է՝ Եվրոպային կոչ անելով Թուրքիային խրատներ տալու փոխարեն իր խնդիրները լուծել:
Եվ նման պայմաններում Բրյուսելում ԵՄ ղեկավարները Թուրքիայի վարչապետի հետ բանակցություններ են անցկացնում: Նախօրեին Եվրոխորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Եվրախորհրդարանը չի արագացնի Թուրքիայի համար վիզայի չեղարկման գործընթացը, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն էլ ասել է, որ միգրացիոն ճգնաժամի հարցում ԵՄ-ի և Թուրքիայի միջև առավել սերտ համագործակցությունը չի կարող մոտ ապագայում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պատճառ դառնալ:
Մնում է սպասել այսօրվա բանակցությունների ավարտին՝ հասկանալու համար, թե այս անգամ Դավութօղլուն ինչ է կարողացել սակարկել: