«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին վերջերս հայտարարել է կանանց գումարտակի կազմավորման մասին, որի հրամանատարը ևս կին է լինելու՝ ահաբեկիչ Նադա ալ Քաթանին: Նրա ջոկատը տեղակայվելու է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակա քաղաքում:
Ալ Բաղդադին հանդիպել է Ալ Քաթանիի հետ երկու անգամ` ԻՊ կազմի մեջ մտնող տարբեր խմբավորումների առաջնորդների հետ խորհրդակցությունների ժամանակ: «Ուժեղ բնավորության տեր» կին համարվող Նադա ալ Քաթանին միացել է խմբավորմանն ու հավատարմության երդում է տվել դեռ 2013-ին: Twitter-ում իր կատարած գրառումներում նա կոչ էր արել կանանց համալրել ԻՊ շարքերը, ինչպես նաև մտադրություն էր հայտնել մահապարտ ահաբեկիչ դառնալ:
Իսլամական պետության գրոհայինների կազմում, որոնց ընդհանուր քանակը տարբեր տվյալներով մոտ 60 հազար է, Արևմտյան Եվրոպայից ժամանած առնվազն 550 կին է կռվում, իսկ ընդհանուր կանանց թիվը գնահատվում է մի քանի հազարով: Սիրիայում և Իրաքում ԻՊ տղամարդկանց հետ հավասար կռվող կանայք ժամանում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, եվրոպական այլ պետություններից, ինչպես նաև որոշ հետխորհրդային երկրներից:
Հիմնական պատճառները, որ այդ կանայք թողնում են տունը, ապահով կյանքն ու մեկնում ահաբեկիչների կողմից գրավյալ տարածքներ, անձնական ողբերգություններն են, արկածախնդրությունն ու ջիհադականի հետ ամուսնանալու ցանկությունը:
Հայտնի է, որ շատ դեպքերում կանայք իրենք էլ չեն պատկերացնում, թե ուր են գնում: Սակայն, հասնելով ԻՊ գրավյալ տարածքներ, նրանք այնտեղ են հասկանում իրավիճակի ողջ լրջությունը, սակայն այլևս հետդարձի ճանապարհ չեն ունենում:
Ուշագրավ է, որ բացի զինյալ կանանց ջոկատից, Իսլամական պետությունը նաև կանացի հատուկ «Ալ-Հանսա» բրիգադ է ստեղծել: Այդ բրիգադի կանանց պարտականությունների մեջ է մտնում քաղաքների փողոցների պարեկությունը, հետևելը, թե մյուս կանայք ինչպես են պահպանում շարիաթի նորմերը: «Ալ-Հանսա»-ի անդամները նաև մուսուլման աղջիկներին հավաքագրում են զինյալների հետ ամուսնության համար: