Թուրքական իշխանությունները նոր թափով շարունակում են հարվածներ հասցնել քրդերի դիրքերին Թուրքիայի հարավարևելյան նահանգներում, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Ընդ որում, երկրի ղեկավարությունը հմտորեն օգտագործում է վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի դարձած ահաբեկչությունները՝ քրդերի դեմ «հակաահաբեկչական» գործողությունները սաստկացնելու համար: Գրեթե յուրաքանչյուր ահաբեկչական հարձակման ժամանակ թուրքական իշխանությունները մատնացույց են անում ահաբեկիչների և քրդերի միջև կապը՝ ընդգծելով քրդերի դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ «հակաահաբեկչական» գործողությունները Թուրքիայի հարավարևելքում սկսվել էին 2015 թվականի հուլիսին: Թուրքական իշխանությունները 2015 թվականի դեկտեմբերի 14-ից պարետային ժամ էին սահմանել Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում, Շիրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի քաղաքներում, ինչպես նաև Մարդին նահանգի մի շարք շրջաններում: 2016 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Թուրքիայի անվտանգության ուժերը հաջողությամբ ավարտել են քուրդ զինյալների դեմ իրենց գործողությունները Ջիզրե քաղաքում: Միաժամանակ հայտնի դարձավ, որ Ջիզրեում պարետային ժամը դեռ որոշ ժամանակ պահպանվելու է:
Իսկ հիմա թուրքական իշխանությունները հայտարարում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ նոր «հակաահաբեկչական» օպերացիայի մեկնարկի մասին: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ երկրի հարավարևելյան 7 շրջաններում անժամկետ շուրջօրյա պարետային ժամ է գործում, հայտնում է РИА Новости-ն:
Թուրքական Anadolu գործակալության տվյալներով, այս ամիսների Թուրքիայի հարավարևելյան նահանգներում տեղի ունեցող բախումների հետևանքով թուրքական անվտանգության ուժերի ավելի քան 300 անդամ է սպանվել: Սպանված քրդերի մասին հստակ տվյալներ չկան: Թուրքական անվտանգության ուժերը հայտնում են PKK-ի սպանված հազարավոր ահաբեկիչների մասին:
Մինչդեռ իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են, որ սպանվածների շարքերում մեծ է խաղաղ բնակիչների քանակը: Իրավապաշտպանների կարծիքով թուրքական իշխանությունների գործողությունները «զանգվածային պատիժ են հիշեցնում»: