2014 թվականի հունիսին խալիֆայության հռչակումից հետո «Իսլամական պետությունը» ավելի քան 70 ահաբեկչական հարձակումներ է իրականացրել աշխարհի 20 երկրներում: Ընդ որում, այս թվի մեջ ներառված չեն Սիրիան և Իրաքը, որտեղ ԻՊ-ի ահաբեկչությունները հազարավոր մարդկանց կյանք են խլել: FOX 2 News-ը ներկայացնում է ԻՊ-ի ահաբեկչությունների ցանկը Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում և Ավստրալիայում:
Եվրոպայում ԻՊ-ի ահաբեկչությունները սկսվեցին 2014 թվականի մայիսի 24-ից, երբ Բրյուսելի Հրեական թանգարանում երեք մարդ սպանվեց:
2014 թվականի դեկտեմբերի 20-ին ծնունդով Բուրունդիից 20-ամյա երիտասարդը, ով Ֆրանսիայի քաղաքացի էր, ֆրանսիական Տուրս քաղաքում դանակահարեց 3 ոստիկանների:
2015 թվականի հունվարի 5-ին Փարիզի մերձակայքում գտնվող կոշերային մթերքների խանութի զավթման ժամանակ Ամեդի Քուլիբալին 4 պատանդ սպանեց:
2015 թվականի փետրվարի 14-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքի սինագոգի մոտակայքում զինված ահաբեկիչը 4 մարդ սպանեց, 5 ոստիկան վիրավորվեց:
2015 թվականի հունիսի 26-ին Ֆրանսիայում գազի արտադրամասի վրա հարձակվողը պայթյունից առաջ իր ղեկավարի կտրված գլխի հետ «սելֆի» էր արել:
2015 թվականի սեպտեմբերի 2-ին ԻՊ-ն հայտարարեց, որ իր կովկասյան ճյուղը Դաղստանում հարձակում է իրականացրել ռուսական ռազմական օբյեկտի վրա՝ պնդելով, որ հարձակման արդյունքում ռուս զինծառայողներ են սպանվել և վիրավորվել: Հարձակման փաստը վերջնականապես չի հաստատվել:
2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումների հետևանքով առնվազն 130 մարդ է մահանում, ավելի քան 350-ը՝ վիրավորվում: Երեք մահապարտներ գործողություն էին իրականացրել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների հանդիպումը։ Մեկ այլ խումբ հարձակվել էր Փարիզի հյուսիս-արևելքում գտնվող սրճարանների ու ռեստորանների վրա։ Եվս երեք ահաբեկիչ պատանդներ էին վերցրել «Բատակլան» թատրոնում։ Երկրորդ աշխարահամարտից հետո սա ամենասարսափելի բռնություններ էր Ֆրանսիայում:
2015 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնի մետրոյում 29-ամյա երիտասարդը կտրում է անծանոթի կոկորդը՝ հայտարարելով, որ դա անում է իր «մուսուման եղբայրների համար»:
2015 թվականի դեկտեմբերի 30-ին ԻՊ-ի կովկասյան թևը ահաբեկչական հարձակում է իրականացնում Դաղստանում՝ հայտարարելով ռուս սպայի սպանության մասին:
2016 թվականի փետրվարի 15-ին կրկին հարձակում է իրականացվում Դաղստանում ոստիկանական անցակետի վրա: 2 ոստիկան է սպանվում, ևս 12-ը՝ վիրավորվում:
Եվրոպայում ԻՊ-ի իրականացրած վերջին ահաբեկչությունը նախօրեին Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակումներն էին, որոնց հետևանքով առնվազն 34 մարդ է մահացել:
«Իսլամական պետության» զինյալների թիվը տարբեր տվյալների համաձայն գնահատվում է 50 հազարից մինչև 200 հազար: Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով ամեն ամիս կազմակերպությանն առնվազն 1000 օտարերկրյա կամավոր է միանում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մարոկկոյից, Գերմանիայից, Ռուսաստանից և բազմաթիվ այլ երկրներից:
ԻՊ-ին զինյալներ և ֆինանսավորում մատակարարելու հարցում բավական ակտիվ գործուներություն է ծավալում նաև Ադրբեջանը: ԻՊ-ին ֆինանսական միջոցներ փոխանցող ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը երկրորդն է Ղազախստանց հետո: Ադրբեջանից ԻՊ-ի շարքերում կռվող զինյալների թիվը հասնում է 2000-ի: