«Արմեդիա» ՏՎԳ-ն, հաշվի առնելով ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման փուլի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրվածությունը, «Հայացք» վերլուծական կենտրոնի հետ սկսում է հոդվածների շարք, որտեղ կներկայացվեն հիմնական վիճելի դրույթները՝ եվրոպական փորձի ներքո:
ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում առավել շատ շոշափվող դրույթներից մեկը քվեարկած անձանց ցուցակների հրապարակման պահանջն է: Ընդդիմադիր որոշ ուժեր պահանջում են հրապարակել ընտրողների քվեարկած (ստորագրած) ցուցակները՝ նշելով, որ դա կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է: Նրանց կարծիքով դա էական նպաստ կունենա ընտրությունների թափանցիկության ապահովման հարցում: Իշխանություններն էլ կարծում են, որ ստորագրված ընտրական ցուցակները չպետք է հրապարակվեն, սակայն դրանք նաև չպետք է բացարձակ գաղտնի լինեն՝ առաջարկելով մշակել մեխանիզմ, որը թույլ կտա ընտրատեղամասերում գտնվող դիտորդներին և վստահված անձանց ծանոթանալ այդ ցուցակներին:
Այս տարբերակը դիտարկվում է որպես ընտրակեղծարարության դեմ պայքարի հնարավոր գործիք: Նշված մեխանիզմի կիրառելիության վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու համար նպատակահարմար ենք գտնում դիտարկել միջազգային, մասնավորապես՝ եվրոպական փորձը:
Քվեարկության գաղտնիության խնդիրն իր արտացոլումն է գտել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում:
«Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) կողմից 2002 թվականին ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. Ուղենիշներ և բացատրական զեկույց» փաստաթղթի[1]ընտրական իրավունքի գաղտնիության կետերի շարքում նշվում է, որ «քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի, քանի որ ձեռպահ լինելը կարող է քաղաքական ընտրության նշան հանդիսանալ»:
Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ընտրական գործընթացների ու իրավական փաստաթղթերի՝ ժողովրդավարության չափանիշներին համապատասխանության գնահատմամբ զբաղվող հեղինակավոր այս կառույցի սահմանումը, դիտարկենք նաև եվրոպական առանձին երկրների փորձը:
Օրինակ, Մեծ Բրիտանիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները պետք է գրանցվեն ընտրական գրանցամատյանում: Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուրը կարող է ստուգել այսպես կոչված «գրանցված ռեգիստրը», որը ցույց է տալիս, թե ով է քվեարկել ընտրատեղամասերում, ինչպես նաև փոստով:
Regulation 118(1) of the Representation of the People Regulations 2001[2] փաստաթղթի 3.9 կետի համաձայն յուրաքանչյուր ոք կարող է ստուգել «գրանցված ռեգիստրը», այդ թվում նրանք, ովքեր իրավունք ունեն ձեռք բերել պատճենը: Ինչ վերաբերվում է ամբողջական ընտրական ռեգիստրին, ապա ռեգիստրերի և ցուցակների ստուգումն անվճար է: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ստուգել դրանք, պետք է գրավոր դիմում ներկայացնի: Փաստաթղթերը պետք է տրամադրվեն 10 օրվա ընթացքում:
Այսինքն՝ քվեարկած անձանց ցուցակը հասանելի է, բայց այն, թե ում օգտին են քվեարկել, գաղտնի է:
Ընտրական գիտելիքների ցանցի[3] տվյալներով՝ Ռումինիայում քվեարկած անձանց ցուցակը չի հրապարակվում: Փոխարենը որոշ դեպքերում (Եվրախորհրդարանի ընտրություններ, նախագահական ընտրություններ և ազգային հանրաքվեներ) Մշտական ընտրական մարմինը ստուգում է այս ցուցակները՝ կրկնակի քվեարկության դեպքերի դուրսբերման համար: Եթե Մշտական ընտրական մարմինը կրկնակի քվեարկություն է գտնում, տեղեկացնում է դատախազությանը:
Բացի այդ, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի Մշտական ընտրական մարմնից ստանալ հատված այն ընտրական ցուցակից, որի մեջ ինքը ներառված է: Այն պետք է պարունակի միայն իր անձնական տվյալները, այդ թվում՝ ստորագրությունը: Եթե նա տեսնի, որ որևէ մեկը քվեարկել է իր անվամբ, կարող է բողոք ներկայացնել դատախազություն:
Նույն աղբյուրի համաձայն՝ Շվեյցարիայում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակը իրավականորեն պաշտպանված չէ, բայց նաև չի հրապարակվում:
Ֆրանսիայում գաղտնի քվեարկությունն Ընտրական օրենսգրքի հիմնական պահանջներից մեկն է, նշում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքը[4]: Ավստրիայի խորհրդարանի կայքը[5] ևս ընդգծում է քվեարկության գաղտնիության անհրաժեշտությունը, բայց ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների մասին չի նշվում:
Ինչպես երևում է, քվեարկած անձանց ցուցակների հրապարակման հարցում Եվրոպական երկրներում ևս մոտեցումը տարբեր է: Սա նշանակում է, որ արդյունավետ հանրային քննարկումները հենց այն ճանապարհն են, որի միջոցով կարելի է գտնել մեր պետության համար լավագույն տարբերակը:
[1] (CODE OF GOOD PRACTICE IN ELECTORAL MATTERS GUIDELINES AND EXPLANATORY REPORT)http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2002)023rev-e
[2] http://www.electoralcommission.org.uk/__data/assets/pdf_file/0007/57931/Part-H-Access-and-supply-November-2012.pdf
[3] The Electoral Knowledge Network http://aceproject.org/