Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Վրաստանի բարեկամների երկկուսակցական խումբը պատրաստել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, նրա եվրաատլանտյան ձգտումների և Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության հետագա խորացման աջակցության բանաձևի նախագիծ: Նախարարն ընդգծել է ԱՄՆ-ի Կոնգրեսում Վրաստանի բարեկամների երկկուսակցական խմբի ստեղծման փաստի կարևորությունը:
Նշենք, որ ամերիկացի կոնգրեսականների կողմից առաջարկված այս բանաձևի նախագծում նշվում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան «օկուպացված» են Ռուսաստանի կողմից և քննադատության է ենթարկվում Ռուսաստանի անօրինական գործողությունները, այդ թվում՝«օկուպացիայի գծի» երկայնքով: Նշվում է, որ Մոսկվան չի կատարել կրակի դադարեցման մասին համաձայնագրի մի շարք կետեր, ինչպես նաև քայլեր չի ձեռնարկում վրացի փախստականների վերադարձի ուղղությամբ: Բանաձևի նախագծում ամերիկացի օրենսդիրները Ռուսաստանին կոչ են անում հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, ինչպես նաև հրաժարվել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից:
Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է ամերիկացի օրենսդիրների հակառուսական այս քայլին: «Բանաձևի ընդունումը չունի ո՛չ փաստացի, ո՛չ իրավական հիմքեր: Մենք բազմիցս ստիպված են եղել բացատրել, որ այս համատեքստում «օկուպացիա» տերմինի օգտագործումն անհեթեթ է», - ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում: ՌԴ ԱԳՆ կարծիքով վերոնշյալ փաստաթուղթը ոչ ավելին է, քան գովազդային «վարժանք», որի նպատակն է վարցական թեմատիկայում երևալը:
Նշենք, որ Թբիլիսիում վստահ են, որ այս բանաձևի նախագիծն ընդունվելու է: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Թինա Խադաշվիլին: «Սա բավականին երկար աշխատանքի արդյունք է: Մոտ մեկ տարի ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում բանակցություններ են տարվել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են Վրաստանի մասով», - նշել է Խադաշվիլին՝ ընդգծելով, որ նման բանաձևերը չեն նախաձեռնվում, եթե նախապես աջակցություն չկա:
Նշենք, որ նման բանաձևի ընդունումը կարող է ռուս-վրացական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող առաջընթացի վրա բացասական ազդեցություն ունենալ: