Վիզային ռեժիմի ազատականացման դեպքում Թուրքիայում բնակվող քրդերը կսկսեն զանգվածաբար մեկնել դեպի Եվրոպա: Այս մասին Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը ասել է գերմանական «DPA» գործակալությանը տված հարցազրույցում:
Քուրդ կուսակցապետը նշել է, որ իրենց կուսակցությունը կողմ է վիզային ռեժիմի ազատականացմանը, սակայն միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ եթե Թուրքիայում տեղի ունեցող ռազմական բախումները վերածվեն լայնածավալ պատերազմի, ապա այդ դեպքում ոչ միայն քրդերը կարող են փախչել Եվրոպա, այլ նաև` թուրքերը, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika.com» լրատվական կայքին:
Նա նաև ավելացրել է, այս պայմաններում ՔԲԿ-ի հետ (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) բանակցությունները վերսկսելու նպատակով Թուրքիայի կառավարության վրա ճնշում գործադրելը հենց Եվրոպայի շահերից է բխում: