Վաշինգտոնում մարտի 31-ից ապրիլի 1-ը կկայանա Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որին մասնակցելու են ավելի քան 50 երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Նշենք, որ այն միջուկային անվտանգությանը նվիրված չորրորդ և վերջին միջազգային գագաթաժողովն է: Հիշեցնենք, որ առաջին գագաթաժողովն անցկացվել է 2010 թվականին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ: Վերջինիս կարծիքով՝ միջուկային ահաբեկչությունը մեր օրերում մարդկության համար ամենալուրջ սպառնալիքներից է:
Վաշինգտոնի գագաթաժողովի նպատակն էր բարելավել համաշխարհային միջուկային անվտանգությունը` ընդլայնելով համագործակցությունը և ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ուղղված կլինեն միջուկային նյութերի և օբյեկտների անվտանգության բարձրացմանը: Գագաթաժողովի արդյունքում ընդունվել է Վաշինգտոնյան աշխատանքային ծրագիրը, որն իրենից ներկայացնում է կոնկրետ գործողությունների ծրագիր ուղղված միջուկային անվտանգության սպառնալիքի նվազեցմանը:
2012 թվականին Սեուլում և 2014 թվականին Հաագայում կայացան միջուկային անվտանգության հաջորդ գագաթաժողովները, որոնց ժամանակ, գործողությունների վաշինգտոնյան պլանը համալրվել է որոշ կետերով: Նշենք, որ այս գագաթաժողովներին ավելացել է նաև մասնակիցների թիվը:
Առաջիկա համաժողովում, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, կարծարծվեն «այն քայլերը, որոնք կարելի է համատեղ ձեռնարկել, որպեսզի նվազագույնի հասցվի բարձր հարստացված ուրանի օգտագործումը, ապահովվի խոցելի նյութերի անվտանգությունը, հակահարված տրվի միջուկային մաքսանենգությանը, ինչպես նաև զսպվեն, բացահայտվեն ու խափանվեն միջուկային ահաբեկչության փորձերը»: Գագաթաժողովի շրջանակներում կքննարկվի նաև ԻՊ դեմ պայքարի հարցը: «Մենք կօգտագործենք այդ հնարավորությունը, որպեսզի քննարկենք ԻՊ դեմ պայքարում ընդհանուր ջանքերը», - նշել է Օբաման: Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ ԻՊ նպատակ ունի իր ահաբեկչություններում օգտագործելու քիմիական, կենսաբանական և միջուկային նյութեր:
Հատկանշական է նաև, որ այս ձևաչափն օգտագործվում է նաև երկկողմ քննարկումներ կազմակերպելու և տարաբնույթ խնդիրներ քննարկելու համար: Նշենք, որ առաջիկա գագաթաժողովին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը:Այս փաստը որոշ լրատվամիջոցներին առիթ տվեց ենթադրելու, որ Վաշինգտոնում կկայանան Սարգսյան-Ալիև հանդիպում, սակայն հայկական կողմն արդեն հերքել է նման հնարավորությունը: