«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը և National Geographic Partners (NGP) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման հնարավորությունների նախնական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:
Նախնական ուսումնասիրությունը ներառելու է Հայաստանի մշակութային և բնության գրավչությունների ներուժի զարգացմանն ուղղված խորհրդատվություններ՝ հիմնված կայուն զբոսաշրջության երեք հիմնասյուների վրա.
Այս տարվա ապրիլի վերջին National Geographic Traveler ամսագրի խմբագիր Կոստաս Քրիստը կայցելի Հայաստան՝ National Geographic-ի անունից զբոսաշրջության զարգացման նախնական գնահատումն անցկացնելու համար:
Կոստաս Քրիստը կայուն զբոսաշրջության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներից է: Նա աշխատում է National Geographic-ի զբոսաշրջային խմբի հետ, որտեղ հանդես է գալիս որպես կայուն զբոսաշրջության և National Geographic Unique Lodges of the World ցանցի արտերկրի աուդիտի ղեկավար:
Հայաստան կատարելիք հետազոտական այցի շրջանակներում Քրիստը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, համայնքների առաջնորդների, գործարարների և զբոսաշրջային օպերատորների հետ՝ գնահատելու Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման այնպիսի հնարավորությունները, որոնք կապահովեն երկրի տնտեսական աճը՝ միաժամանակ երաշխավորելով բնության և հարուստ մշակութային ժառանգության պահպանությունն ու դրանց փոխանցումը գալիք սերունդներին:
Սերտ աշխատելով IDeA հիմնադրամի հետ՝ Կոստաս Քրիստը կայուն զբոսաշրջության սկզբունքների և փորձի համաշխարհային չափանիշների վրա հիմնված խորհրդատվություն կտրամադրի:
«Լավագույն միջազգային փորձի և չափանիշների կիրառումը նոր տեղական նշաձողեր սահմանելու համար IDeA հիմնադրամի առանցքային սկզբունքներից են, և հիմնվելով այս մոտեցման վրա՝ մենք սկսում ենք աշխատանքը National Geographic Partners ընկերության հետ: Վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ մենք կբացահայտենք Հայաստանն աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցները, որոնք կներառվեն IDeA-ի Զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ»,- ասել IDeA հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը:
«Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը կարող է հպարտ լինել իր հարուստ մշակութային ժառանգությամբ: Այդ ժառանգությունը պահպանելը և շրջակա միջավայրի մասին հոգ տանելն առանցքային նշանակություն ունի Հայաստանի կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարության համար՝ հայաստանցիների սոցիալ-տնտեսական բարեկեցությունն ապահովելու տեսանկյունից: Շուտով կսկսեմ աշխատել հեռուն նայող կազմակերպության՝ IDeA հետ՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է Կոստաս Քրիստը: