Օրերս սիրիական բանակի կողմից Պալմիրայի ազատագրման մասին լուրը միջազգային հանրության կողմից բավականին մեծ արձագանքի արժանացավ: Շատերը սկսեցին խոսել սիրիական բանակի այդ հաջողության բեկումնային նշանակության մասին: Արևելագետ Սարգիս Գրիգորյանը «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում, սակայն կարծիք հայտնեց, որ Պալմիրայի ազատագրումը չի կարող բեկումնային նշանակություն ունենալ հակամարտության հանգուցալուծման համար:
[audio id=49]
«Սիրիայում բավականին շատ բան է տեղի ունեցել և շարունակում է տեղի ունենալ, խաղադրույքները մի քիչ ավելի մեծ են դրված», - նշել է արևելագետը՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ սիրիական բանակի այս հաղթանակը կարող է ԻՊ-ին հաղթելու համար բեկումնային լինել:
«Պալմիրան մեծ հաշվով ռազմական մեծ հաջողություն է, որը կառավարական ուժերին հնարավորություն է տալիս շարժվել դեպի արևելք` «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներ», - նշել է Սարգիս Գրիգորյանը՝ ընդգծելով, որ նման մեծ ռազմական հաջողություն կառավարական զորքերն արդեն մոտ երկու տարի է չէին արձանագրել:
Հարկ է նշել, որ Պալմիրան ռազմավական կարևոր նշանակություն ունի նաև այն տեսանկյունից, որ քաղաքը գտնվում է նավթի և գազի հանքավայրերի մոտ: Պալմիրայի նկատմամբ վերահսկողության վերականգնումը Դամասկոսին հնարավորություն կտա կանխարգելել «Իսլամական պետության» կողմից նավթի և գազի անօրինական վաճառքը, ինչը ևս կարող է լուրջ հարված հասցնել ԻՊ դիրքերին:
Միևնույն ժամանակ, պետք է նշել նաև Պալմիրայի ազատագրման հոգեբանական նշանակությունը: Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ նման հաջողությունը նաև միջազգային հանրությանն ուղղված ուղերձ էր, որ «մենք կարող են պատժել ԻՊ-ին, որը հանդգնում է ոչնչացնել Սիրիայի մշակութային ժառանգությունը»:
Նշենք, որ միջազգային որոշ կարևոր դերակատարներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին և Միացյալ թագավորությանը, այս ուղերձը բավականին ուշ տեղ հասավ: Վաշինգտոնում և Լոդոնում Պալմիրայի ազատագրմանն արձագանքեցին միայն երկու օր անց՝ չմոռանալով շեշտել, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր է Ասադը: