Վրաստանում հնարավոր է միասեռ ամուսնությունների հարցով հանրաքվե անցկացվի
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում գրանցել է միասեռ ամուսնությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցը, փոխանցում է Интерфакс-ը:
ԿԸՀ-ի հաղորդագրությունում ասվում է, որ գրանցվել է 7 անձից բաղկացած ընտրողների նախաձեռնող խումբ և նրա կողմից ներկայացված հարցը, որը ձևակերպված է հետևյալ կերպ` «Ցանկանո՞ւմ եք, թե՞ ոչ, որ Վրաստանում թույլատրվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունը»։
Հատկանշական է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն դիմումը ներկայացրած 7 քաղաքացիների կողմից ներկայացված մի շարք այլ առաջարկներ, ինչպիսիք են վրացական զինված ուժերը արտերկիր գործուղելու հարցը հանրաքվեի ներկայացնելը եւ այլն, մերժել է: Այսինքն՝ ԿԸՀ-ն ներկայացված առաջարկների փաթեթից ընտրել է միայն միասեռ ամուսնությունների հարցը հանրաքվեի դնելու առաջարկը:
Նշենք, որ մարտի 25-ից իր աշխատանքներն է սկսել կառավարական հատուկ հանձնաժողովը, որը պետք է նոր իրավական ձեւակերպում տա «ամուսնություն» հասկացությանը եւ համապատասխան փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության մեջ: Դրա շրջանակներում հատուկ հանձնաժողովի անդամները մինչեւ ապրիլի 15-ը այցելելու են Վրաստանի բոլոր շրջաններ եւ լսելու են բնակչության կարծիքը տվյալ հարցի շուրջ: