«Ողջունում ենք Հավայի նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի ընդունումը։ Այսպիսով, Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը։ Շնորհակալ ենք նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գործում», - հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:
«Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, այս գործընթացում նոր հաջողությունների հասնելու համար։ Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը լրացուցիչ խթան կհանդիսանա արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար»,- մասնավորապես` Արցախի հանրային հեռուստաընկերությանն է ասել մամուլի քարտուղարը: