Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի ստեղծելու գործընթացը, որի մասին խոսակցությունները շարունակվում են արդեն մեկ տարի, մտել է գործնական փուլ: Հայաստանի նախաձեռնությամբ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համապատասխան համաձայնագիր կնքելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների վրա վերջինիս հնարավոր ազդեցությունը:
Ինչպես «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, փորձագետ Արամ Սաֆարյանը, այս հարցում փորձագետները տարակարծիք են: Այսպես, տեսակետներից մեկի համաձայն՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումն իրանական տնտեսության համար լայն հնարավորություններ է ստեղծել, և Իրանն ավելի շատ կգերադասի համագործակցել եվրոպական երկրների հետ՝ ոչ պատշաճ ուշադրութուն դարձնելով Հայաստանի հետ
տնտեսական կապերին: Մյուս տեսակետի համաձայն՝ Իրանն ավելի շահագրգռված կլինի Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի հետ տնտեսական հարաբերությունների էլ ավելի խորացման մեջ, քանի որ վերջիններիս տնտեսության զարգացման մակարդակը և տնտեսական պոտենցիալը գրեթե համապատասխանում են իրանական տնտեսության մակարդակին:
Փորձագետ Արամ Սաֆարյանն այս կապակցությամբ համակարծիք է այն տեսակետին, որ Հայաստանի կողմից տնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացման դեպքում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտին կարող է դրական մեծ ազդակ հանդիսանալ Հայաստանի տնտեսության համար: «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման դեպքում Հայաստանը հայտնվում է բարեպատեհ դիրքում՝ հնարավորություն ունենալով իրանական ապրանքները և բիզնես ծրագրերը եվրասիական տնտեսական գոտի և հակառակը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ապրանքները և ծառայություններն իրանական շուկա ներմուծելու համար», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է փորձագետը:
Հայաստանի տնտեսության համար Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի ստեղծելու դրական հետևաքների մասին նշում է նաև իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Իրանագետը «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում մասնավորապես առանձնացրել է ազատ առևտրի գոտու ստեղծման արդյունքում հայաստանյան ապրանքների համար իրանական շուկայի առավել հասանելի դառնալու հնարավորությունը: Իրանն արտասահմանյան՝ այդ թվում նաև հայկական ապրանքների նկատմամբ իրականացնում է պրոտեկցիոնիստական քաղաքականություն, այսինքն՝ հովանավորվում են իրանական ապրանքատեսակները և մյուս երկրների արտադրանքը բավականին մեծ դժվարությամբ է մտնում իրանական շուկա. այնքան բարձր տոկոսադրույքներ են սահմանված, որ այլ երկրների ապրանքները մրցունակ չեն իրանական ապրանքների կողքին: «Այս առումով ազատ առևտի գոտու ստեղծումը հետաքրքիր է հայ-իրանական ապրանքաշրջառանության բարձրացման տեսանկյունից, քանի որ հնարավոր կլինի ազատ առևտրի գոտու շրջանակներում որոշակի ապրանքներ մտցնել իրանական շուկա, ինչը բանականաբար մեր տնտեսության համար դրական խթան կհանդիսանա», -ընդգծել է Գոհար Իսկանդարյանը: