«Ժողովուրդը, ճիշտ է, տխուր է, բայց շատ հանգիստ», - վստահեցնում է Ստեփանակերտում ապրող «Հելսինկյան նախաձեռնություն - 92» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, ակտիվ հասարակական գործիչ Կարեն Օհանջանյանը, ում կարծիքով իրավիճակը նորմալ ու բնականոն է Ստեփանակերտում և շատ կազմակերպված սահմանին:
Կարեն Օհանջանյանը, ով ակնկալում է միջազգային հանրության կողմից լուրջ արձագանք ստեղծված իրավիճակին, անձամբ նամակ է գրել ԱՄՆ նախկին պետքարտուղար, ներկայիս նախագահի թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, հորդորելով բարձրաձայնել այն բռնությունների մասին, որոնք այժմ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
«Հարգելի՛ տիկին Քլինթոն, նախևառաջ ուզում եմ արտահայտել իմ մեծագույն համակրանքը Ձեր նախընտրական քարոզարշավի հանդեպ, և մաղթում եմ Ձեզ դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը», - մասնավորապես գրել է Օհանջանյանն իր բաց նամակում, - «Այս օրերին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական օպերացիա են սկսել ԼՂՀ դեմ, և մենք մեծ թվով զոհեր ունենք երկու կողմերից էլ: Հիշում եմ, որ դուք դեռևս պետքարտուղարի Ձեր պաշտոնում Աստանայում նախարարական գագաթաժողովի ժամանակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ծանրակշիռ ելույթ ունեցաք: Ես գիտեմ, որ դուք խաղաղության և արդարության կրքոտ ջատագով եք, և այս առումով մեծ աջակցություն կլինեք Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի համար», - եզրափակել է իր խոսքը Կարեն Օհանջանյանը:
Հասարակական գործչի խոսքերով՝ ինքն ու գործընկերները հնարավորինս տարածել են այս նամակը թե՛ բոլոր սոցցանցերով, թե՛ տարբեր ԶԼՄ-ներով: Օգնության կոչն ու հորդորը հասցրել են նաև Եվրոպական միության ղեկավարության մի շարք ներկայացուցիչների: Չնայած ղարաբաղցի ակտիվիստները հույսով սպասում են միջազգային հանրության սատարմանն ու Քլինթոնի նման նշանավոր գործիչների օժանդակությանը, միևնույն է առաջնահերթ հույսն իրենք իրենց և սեփական զինվորների ուժի ու քաջության վրա են դնում...