Բելառուսի ԱԳՆ-ն հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին որոշ ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Բելառուսը ռազմական օգնություն է տրամադրում, մասնավորապես՝ զենք է մատակարարում Ադրբեջանին։
«Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ներում հնչած հայտարարություններին՝ Բելառուսի կողմից կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին, ապա դրանք անհիմն լուրեր են: Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին չի կարող ոչ մի խոսք լինել»,- ասված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ Բելառուսը «միշտ պատրաստ է նպաստել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանը»: Միրոնչիկը նշել է, որ «գլխավոր դիրքորոշումը, որից ելնում է բելառուսական կողմն, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու հստակ կոչն է, ինչպես դա նշված է ՄԱԿ-ի կանոնադրությունում կամ այլ հեղինակավոր միջազգային-իրավական փաստաթղթերում»։
Բելառուսի ԱԳՆ-ում «նախկինի պես վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն համընդհանուր ճանաչված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի համապատասխան»։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ: