Պանամայի օֆշորային վերջին սկանդալի հետ կապված BBC-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամլո քարտուղարությունը պատասխանել է. «Ադրբեջանի օրենքները չեն արգելում նախագահի երեխաներին ղեկավարել առևտրային ընկերություններ»: Հարց է առաջանում, իսկ կա՞ արդյոք աշխարհում ինչ- որ օրենք, որը թույլ տա խուսափել պետբյուջեի առաջ ունեցած հարկային պատասխանատվությունից՝ միաժամանակ անընդհատ սնուցվելով նույն այդ բյուջեից, ինչն, ըստ էության, փաստորեն արել են Ադրբեջանի նախագահի աղջիկներն «ադրբեջանական օրենքով չարգելված կարգով»: Ադրբեջանական ցինիզմը չի սահմանափակվում միայն քաղաքական հարցերում...
Իսկ ի՞նչ է իրականում թույլ տրվում Պանամայի և առհասարակ օֆշորային գոտիներում:
Համաշխարհային տնտեսության պատմության զարգացման ընթացքում ստեղծվել են միջազգային գոտիներ, որոնք կամ ամբողջովին կամ մասնակի ազատվում են հարկային բեռից: Կան նաև այնպիսիններ, որոնք ունեն ամբողջովին առանձնացված հարկային քաղաքականություն՝ կրկին արտոնյալ պայմաններով: Այդպիսիններից են օֆշորային գոտիները, որտեղ գործող ձեռնարկությունների մեծ մասը հանդիսանում են ոչ այն երկրի սեփականություն, որտեղ գտնվում է օֆշորային գոտին: Օֆշորային ընկերությունները ղեկավարվում են հեռակա՝ ծագման երկրի սուբյեկտների կողմից և ունեն հարկային պատասխանատվություն իրենց երկրի նկատմամբ:
Չնայած, որ օֆշորային գոտիները համարվում են համաշխարհային տնտեսության գլոբալիզացիայի համատեքստում շատ դրական գործիքներ, հանգեցնում են նաև այդ գոտիներում գտնվող ընկերությունների համար ստվերվելու բավական բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Փաստացի սխեման հետևյալն է. որևէ պետության ընկերությունն աշխարհագրորեն գտնվում է Y տարածքում, սակայն ղեկավարվում է X տարածքից: Այսինքն, նման կազմակերպությունների գործունեության վերահսկման գործընթացը դժվարանում է և՛ տեղակայման վայրից, և՛ միաժամանակ ծագման: Եվ այդ «առավելությունից» օգտվում են շատերն, ինչի փաստացի ապացույցն ապրիլի երեքին ներկայացրեց Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը՝ ICIJ:
Իսկ Ալևի՝ իր մամլո քարտուղարության միջոցով նման արձագանքը խոսում է ադրբեջանական ղեկավար ընտանիքի հերթական սանձարձակության մասին, որը բառացի օգտվում է օֆշորային գոտիների կողմից ակամայից տրված վերոնշյալ «առավելություններից» ՝ թաքցնելու իրենց կարողությունները: