ԶԼՄ-ների աշխատանքը չի կարող դադարեցվել սեփական ցանկությամբ կամ, ասենք, խմբագրության դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով: Առավել ևս չի կարելի ԶԼՄ-ների հանդեպ ուժային գործողություններ կիրառել: Այդ մասին ճեպազրույցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ադրբեջանից LifeNews-ի նկարահանող խմբին վռնդելու դեպքը, որտեղ լրագրողները նկարահանում էին Լեռնային Ղարաբաղում բախումների հետևանքները:
«Մենք Ադրբեջանում աշխատող մեր ռուսաստանցի գործընկերներից մանրամասն տեղեկություններ ենք հարցրել: Կարող եմ ընդամենը ասել, որ պետք է հարգել մամուլի աշխատանքը: ԶԼՄ-ների աշխատանքը չի կարող դադարեցվել սեփական ցանկությամբ կամ, ասենք, խմբագրության դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով: Եվ մանավանդ չի կարելի ԶԼՄ-ների նկատմամբ ուժային գործողություններ կիրառել», - ասել է Զախարովան:
«Լրագրողներին վռնդելը, նրանց նկատմամբ ուժային մեթոդներն անթույլատրելի են, որովհետև դրանք ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Լրագրողներին պետք է ոչ թե դուրս անել, այլ լրացուցիչ տեղեկություններ մատակարարել նրանց. պետք է խոսել նրանց հետ, մամուլի ասուլիսներ անցկացնել և այլն: Իհարկե, անհրաժեշտ է, որ լրագրողները հարգեն այն երկրի օրենքները, որտեղ գտնվում են», - հավելել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է LifeNews-ը: