Վրաստանը, ինչպես նախկինում, որպես տարանցման վճար կստանա Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն արեն իսկ ստորագրել է տվյալ համաձայնագիրը, հայտնում է News Georgia-ն՝ Վրաստանի էներգետիկայի նախարարությանը հղումով:
«Վրաստանի էներգետիկայի նախարարությունը ռուսական ընկերությունից ստացել է տեքստի հաստատումը։ Պայմանագրի համաձայնեցված տեքստն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ իրավական գնահատական ստանալու համար, ինչից հետո փաստաթուղթը կուղարկվի կառավարության հաստատմանը։ Միայն դրանից հետո փաստաթուղթը պաշտոնապես կմտնի ուժի մեջ», - հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը։
Կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել նախորդ համաձայնագրի գործողության ժամկետի լրանալուց երկու ամիս անց: Բանակցությունները ձգձգվել են այն պատճառով, որ «Գազպրոմը» պնդում էր Հայաստան ռուսական գազի տարանցման համար Վրաստանին վճարել փող և ոչ թե գազ։