Իսրայելից զենք գնելուց հրաժարվել է Հայաստանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Տոնոյանը նշել է, որ զենքի առևտրի շուկան Հայաստանի համար բաց շուկա է, սակայն ԱՄՆ-ի և ԵՄ երկրների կողմից կան քաղաքական որոշ սահմանափակումներ՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական կարողությունների աճի հնարավորությունը սահմանափակելու հետ:
«Այսպես ասած՝ գործում է ջենթլմենական պայմանավորվածություն՝ չմատակարարելու կոնֆլիկտային տարածաշրջան ռազմական նշանակության արտադրանք: Բնական է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ գնումները կատարվում են այն երկրներում, որոնք որ այդ սահմանափակումները չունեն: Իսրայելը նույն ապրանքատեսակները (որոնք վաճառել է Ադրբեջանին) առաջարկել է նաև Հայաստանին: Մենք հրաժարվել ենք, որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետև մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում», - նշել է Տոնոյանը՝ հավելելով, որ քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ նռնականետով, դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք հարկարվոր չէ: