Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բռնկված քառօրյա պատերազմը հայտնվեց ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային, այդ թվում՝ եվրոպական օրակարգում:
ԵՄ արձագանքն ընդհանուր առմամբ բավական զուսպ էր։ Թե´ առանձին երկրների, թե´ ԵՄ պաշտոնյաների, մասնավորապես՝ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մակարդակով կողմերին կոչ արվեց դադարեցնել ռազմական գործողությունները և հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով ընթացող քաղաքական կարգավորման գործընթացին:
Թերևս ԵՄ առանձին երկրների շահերն այս հարցում կարող են որոշ տարբերություններ ունենալ, սակայն ընդհանրական կարելի է պնդել, որ Եվրամիությանը ձեռնտու չէ հակամարտության սրացումը Հարավային Կովկասում:
Անդրադառնանք պատերազմ չցանկանալու ԵՄ դրդապատճառներից մի քանիսին:
Առաջին, Եվրոպական միությունն իր հարևանության երկրների ներգրավմամբ նախաձեռնել է Եվրոպական հարևանության քաղաքականությունը և դրա ներքո՝ Արևելյան գործընկերությունը, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Թե´ ԵՀՔ, թե´ ԱլԳ գլխավոր նպատակը հարևանության տարածաշրջանում կայունության ապահովումն է: Հարևան երկրների՝ հակամարտությունների մեջ ներգրավվելը, ռազմական գործողություններ ծավալելը ԵՄ կողմից ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք իր անվտանգությանն, ու վերջինիս կողմից ձեռնարկվում են քայլեր նման զարգացումների կանխարգելման համար: ԵՄ արտաքին քաղաքական կոնցեպտն, ընդհանուր առմամբ, հիմնված է հարևան տարածաշրջաններում անկայունությունից և ճգնաժամերից հնարավորինս խուսափելու սկզբունքի վրա: Այլ խնդիրների հետ միասին պատերազմը դիտվում է որպես հնարավոր միգրացիոն նոր հոսքերի պատճառ, ինչն առավել քան անցանկալի է այժմ ԵՄ-ի համար:
Երկրորդ, Հարավային Կովկասում հակամարտության սրացումն անխուսափելիորեն հանգեցնում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը: Իսկ դա, բնականաբար, չի բխում ԵՄ շահերից:
Երրորդ, թե´ Ադրբեջանի, թե´ Հայաստանի՝ հակամարտության մեջ ներգրավվելը նշանակում է արտաքին քաղաքական օրակարգի փոփոխություն, որոշ հարցերում դիրքորոշման կոշտացում և ակնկալիքների աճ: Հիշեցնենք, որ ԵՄ-ն նախորդ տարվանից մեկնարկել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթաց, զուգահեռաբար վերսկսվել են ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների իրավական հիմք ապահովող փաստաթղթի շուրջ բանակցությունները, քննարկվում է նաև Ադրբեջանի հետ համագործակցության ֆորմատը: Պատերազմական իրավիճակն այս գործընթացներին որոշ հարված է հասցնում՝ դուրս թողնելով այս երկրները ԵՄ ծիրից:
ԵՄ շահերի այս ցանկը, բանկանաբար, ամբողջական չէ, քանի որ ԵՄ անդամ երկրներից յուրաքնաչյուրը կարող է ունենալ իր սկզբունքներն ու մոտեցումները:
Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ԵՄ ներկայացուցիչ Ֆրանսիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդներից՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից մեկն է, և պատերազմի վերսկսումն անուղղակի հարված է նաև վերջինիս հեղինակությանը:
Դրա հետ մեկտեղ՝ պետք է նշել, որ ԵՄ անդամ երկրներն անուղղակիորեն նույնպես իրենց ազդեցությունն են ունեցել իրավիճակի այս սրացման հարցում: Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունն անարձագանք թողնելն ու թե´ էներգետիկ, թե´ դրդապատճառներից ելնելով նրա արկածախնդրության վրա աչք փակելն ի վերջո վերջինիս համար ստեղծել են անպատժելիության մթնոլորտ, որի հետևանքներն այժմ մենք քաղում ենք: