Հունաստանն ու իր վարկատուներն այդպես էլ համաձայնության չգալով՝ երեքշաբթի օրը դադարեցրել են իրենց երկարատև բանակցությունները, որոնք երկրի համար կարող էին նոր հնարավորություններ ստեղծել ֆինանսական թվով երրորդ փաթեթի ստացման համար, գրում է Euronews –ը:
Կողմերը բանակցությունները կվերսկսեն միայն հաջորդ շաբաթ՝ ապրիլի 15-17-ն ընկած ժամանակահատվածում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի ավարտից անմիջապես հետո։
«Համաձայնագրի կնքման վերաբերյալ բոլոր հարցերն արդեն լուծված են», - հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Ցակալատոսը:
Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի օրը սկսվեց Հունաստանում բարեփոխումների պահանջի դեմ բողոքի երկրի Աշխատավորական ընդհանուր արհմիության 24-ժամյա գործադուլը, որն անդամալույծ դարձրեց ողջ Հունաստանը: Մեկօրյա այս գործադուլը սկսվեց այն պայմաններում, երբ արտասահմանցի վարկատուների ներկայացուցիչները գտնվում էին մայրաքաղաք Աթենքում:
Նշենք, որ Հունաստանում տնտեսական բարեփոխումների գործադրումը գործազրկության տարածման և ժողովրդի դժգոհության ու կառավարության հանդեպ նրանց անվստահության պատճառ է դարձել: Սա 2016 թվականին Հունաստանում արդեն թվով երկրորդ ընդհանուր գործադուլն էր: Առաջին ծավալուն գործադուլը տեղի էր ունեցել դեռևս փետրվարի 4-ին:
Բանն այն է, որ Հունաստանի կառավարությունն իր վարկատուների պահանջով մշակել է սոցիալական ապահովության բարեփոխումների նախագիծ և մտադիր է այն վավերացման համար խորհրդարանին ներկայացնել: Այս բարեփոխումների համաձայն կրճատվելու են թոշակները, բարձրացվելու է թոշակի անցնելու տարիքի շեմը, ինչպես նաև մեծ չափերով բարձրացվելու են գյուղատնտեսների ու ազատ աշխատանք ունեցողների համար սահմանված հարկերը: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խոստացել է այս տարվա ընթացքում միայն 1.8 միլիարդ եվրոյով կրճատել թոշակառության հետ կապված ծախսերը: Իսկ գործադուլավորներն իրենց հերթին խոստացել են շուտով նաև երրորդ լայնամասշտաբ գործադուլն իրականացնել երկրում: