Եվրոպական միության հանձնաժողովը դիտարկում է ԱՄՆ, Կանադայի և Բրունեյի քաղաքացիների համար ԵՄ տարածք մուտքի վիզա սահմանելու հարցը, որի քննարկման համար երեկ հատուկ նիստ է սահմանված եղել:
Նշվում է, որ նման քայլով ԵՄ պատասխանում է ԱՄՆ կողմից Եվրամիության որոշ երկրների քաղաքացիների նկատմամբ իրականացվող խտրականությանը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ԱՄՆ կողմից ԵՄ որոշ քաղաքացիների պարագայում չի գործում visa waiver ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ԵՄ քաղաքացիներին մինչև երեք ամիս ԱՄՆ-ում մնալ առանց վիզայի առկայության պահանջի: Հավելենք, որ խտրականություն իրականացվում է Լեհաստանի, Խորվաթիայի, Կիպրոսի, Բուլղարիայի և Ռումինիայի քաղաքացիների նկատմամբ:
«Հանձնաժողովը գնահատել է ԱՄՆ, Կանադա և Բրունեյ վիզային ռեժիմի ժամանակավոր դադարեցման իրավական, քաղաքական և տնտեսական հետևանքները և հետագա քայլերի համար խնդրել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի կարծիքը»,- հայտնել է ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության գծով Եվրամիության կոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Նա նաև նշել է, որ ԵՄ քաղաքացիները պետք է իրավունք ունենան առանց վիզայի ճանապարհորդել ցանկացած երրորդ երկիր, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզա ժամանել Շենգենյան գոտի:
Վիզայի մասին ԵՄ օրենքը հնարավորություն է տալիս զրկել առանց վիզային ռեժիմից այն երկրներին, որոնք նմանօրինակ վերաբերմունք են դրսևորում ԵՄ անդամների նկատմամբ:
Ներկայումս ԵՄ հանձնաժողովը դիմել է ԵՄ անդամ երկրների կառավարություններին՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը խնդրի շուրջ:
ԱՄՆ-ն դեմ է Եվրամիությունում ամերիկացիների համար վիզային ռեժիմ մտցնելուն, սակայն ԱՄՆ-ն պատրաստ չէ ամբողջությամբ ազատ վիզային ռեժիմ ունենալ ԵՄ-ի հետ, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:
Նա ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության ԵՄ-ի, ինչպես նաև այն երկրների հետ, որոնց քաղաքացիներից դեռ պահանջվում են վիզաներ:
«Հիմնվելով ԱՄՆ օրենքների վրա՝ մենք կպահանջենք, որ երկրները համապատասխանեն առանց վիզայի մուտքի պահանջներին: ԱՄՆ-ում այդ հարցը որոշվում է մի շարք չափորոշիչներով, այդ թվում՝ առանձին երկրների օրենսդրությամբ, հանցագործությունների քանակով՝ կապված վիզաների հետ, ինչպես նաև վիզային հարցումների մերժումների տոկոսով»,- պարզաբանել է Թոները:
Իսկ ահա Կանադայի ներգաղթյալների, փախստականների և քաղաքացիության հարցերով ծառայության ներկայացուցիչ Ռեմի Լարիվյեն իր հերթին հայտարարել է, որ ամեն տարի շատ կանադացիներ են այցելում ԵՄ, և եթե նրանց նկատմամբ մտցվի վիզային ռեժիմ, ապա դա նշանակալիորեն կանդրադառնա Եվրոպայի տուրիզմի և մարդկանց կապերի վրա:
«Դա կլինի ոչ արդյունավետ՝ հաշվի առնելով մեր երկկողմ սերտ հարաբերությունները»,- նշել է Լարիվյեն: