Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ համաձայն է գլխավորել նախարարների ապագա կաբինետը: Նա նաև հայտնել է խորհրդարանական կոալիցիայի անդամների միջև ապագա կառավարության ձևաչափի շուրջ փոխզիջման ձեռքբերման մասին:
«Մենք եկել ենք ընդունելի ձևաչափի (կառավարության), որը հնարավորություն կտա դուրս գալ ճգնաժամից, որում մենք այսօր գտնվում ենք»,- հայտարարել է Գրոյսմանը Գերագույն Ռադայի նիստը բացելիս` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է ստանալ «Պյոտոր Պորոշենկոյի բլոկի» և «Ժողովրդական ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների աջակցությունը:
Իսկ մինչ այդ, ճգնաժամի հաղթահարման իրական նշաններ չկա: Նոր կառավարության ստեղծումն արդեն իսկ բազմաթիվ հակասություններ է առաջացրել Պյոտոր Պորոշենկոյի բլոկի ներսում: Ինչպես Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է նախագահական խմբակցության պատգամավոր Մուստաֆա Նեյմարը, խմբակցությունում հատկապես վրդովմունք է առաջացրել այն հանգամանքը, որ կառավարությունում որոշ նշանակումներ ուղղակի անհասկանալի են: Նշվում է, որ Ուկրաինայի քաղաքական ուժերին մասնավորապես չի հաջողվում համաձայնության գալ տնտեսական զարգացման և առևտրի, վառելիքի, էներգետիկայի և ածխային արդյունաբերության, ինչպես նաև առողջապահության նախարարների թեկնածուների շուրջ:
Նշենք, որ նախկին կառավարությունից իրենց պաշտոնները պահել են միայն արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը, ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը, արդարադատության և պաշտպանության նախարարները:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին մոտ երկու ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամի արդյունքում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց իր հրաժարականի մասին: Խորհրդարանը Յացենյուկի կաբինետի աշխատանքը գնահատել էր անբավարար: Ուկրաինայում ստեղծված տնտեսական և քաղաքական ճգնաժամը հարթելու համար կարծում են, որ կառավարության ղեկավարի հրաժարականը բավարար է: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման համար հարկավոր են ավելի խոր և համակարգային փոփոխություններ, քան ուղղակի կառավարության փոփոխությունը: