Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրադրությունը շարունակել է լարված մնալ: Առաջնագծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտվել է ավելի քան 60 անգամ:
Իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան (Թալիշ-Մարտակերտ), արևելյան (Մարտունի) և հարավային (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (12 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (16 արկ), տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հատկանշական է, որ հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջին երկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ: Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գրիգորյանի դեպքը դրա ապացույցն է:
Հաշվի առնելով այս հանգամանքը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց մարտական խնդիրները կատարում են իրադրության զարգացման համահունչ և վստահորեն իրականացնում Արցախի սահմանների պաշտպանությունը: Առաջնային գծում տեղ գտնող միջադեպերից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: