Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու դեպքում յուրաքանչյուր ընտանիքի ամենամյա կորուստները կկազմեն 4,3 հազար ֆունտ սթերլինգ (6,1 հազար դոլար): Այդ մասին The Times թերթում գրել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը։
«Նախարարության վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ին երկրի անդամակցության ցանկացած այլընտրանքի դեպքում մենք կունենանք ավելի քիչ բաց և փոխկապակցված տնտեսություն՝ ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի հետ, կլինի ավելի քիչ առևտուր, ավելի քիչ ներդրումներ, ավելի քիչ բիզնես: Դո՛ւրս եկեք ԵՄ-ից և բախվե՛ք այդ խնդիրներին. Մեծ Բրիտանիան կդառնա անդառնալիորեն ավելի աղքատ»,- գրել է Օսբորնը՝ նշելով, որ այդ դեպքում բրիտանացի ընտանիքները կկիսեն երկրի ճակատագիրը:
Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո Կանադայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի նմանությամբ Լոնդոնի և Բրյուսելի միջև նոր համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ բրիտանական տնտեսությունը 6 տոկոսի անկում կգրանցի։