Քառօրյա պատերազմում հայկական կողմի ակնհայտ ռազմական հաղթանակը, մեր զինվորների մարտական բարձր ոգին և հայ ժողովրդի համախմբվածության աստիճանը թույլ են տալիս առնվազն ակնկալել, որ հետպատերազմյան այս շրջանում մեր դիվանագիտությունը գոնե պարտավոր է հետ չմնալ մեր զինվորների ձեռք բերած հաջողություններից: ԼՂՀ-Ադրբեջան սահմանին լարվածության նման աննախադեպ աճից հետո, իհարկե, դժվար է պատկերացնել, որ կողմերը հեշտությամբ կկարողանան ռազմական դաշտից կրկին տեղափոխվել բանակցային սեղան և շարունակել բանակցությունները:
Քառօրյա պատերազմը փոխեց իրավիճակ: Հերթական անգամ ականատեսը եղանք Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը. տապալելով բանակցային գործընթացը՝ Բաքուն դիմեց ագրեսիայի՝փորձելով բանակցային գործընթացում իր ունեցած ոչ այդքան շահավետ վիճակը բարելավել ռազմական գործողություններով: Մաքսիմալիստական ցանկություններ ունեցող Ալիևին, սակայն, այս կերպ ևս չհաջողվեց լուծել խնդիրը:
Այսօր բանակցային սեղանին շարունակում են մնալ Մադրիդյան սկզբունքները, ավելի ճիշտ՝ դրանց կազանյան տարբերակը, սակայն դրա շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելը հիմա առավել քան դժվար է լինելու: Ռազմական գործողություններ սկսելով՝ Ադրբեջանը խախտեց 1994թ-ի Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ կողմից ստորագրված զինադադարի համաձայնագիրը, որը բանակցությունների հիմքն էր հանդիսանում: Նշվում է, որ ապրիլի 5-ին բանավոր պայմանավորվածությամբ ձեռք բերված հրադադարը հիմնված է 1994թ-ի զինադադարի համաձայնագրի վրա, և այն եղել և այժմ էլ մնում է ուժի մեջ: Եթե իսկապես այդպես է, ապա մինչ սկզբունքների շուրջ բանակցություններին վերադառնալը մեր պահանջը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից և Ադրբեջանից պետք է լինի վերադառնալ մինչև ապրիլի 1-ը եղած իրավիճակին՝ վերականգնելով մինչ այդ եղած սահմանները: Այն պարագայում, եթե զինադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ, ապա պետք է կնքել նոր համաձայնագիր արդեն ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև, անհրաժեշտության դեպքում՝ նաև առանձին համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջնի միջև:
Հրադադարի հետ կապված այս հարցերը պարզելուց և լուծելուց հետո միայն հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, որտեղ հայկական կողմը պետք է դրսևորի առավել կոշտ դիրքորոշում, քան մինչ քառօրյա պատերազմն էր և բանակցային գործընթացում հաջողություն ապահովելու համար պահանջի, որպեսզի ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղան: Այն, որ առանց հակամարտության կողմ հանդիսացող ԼՂՀ-ի անմիջական մասնակցության հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում լուրջ առաջընթաց հնարավոր չէ գրանցել, փաստ է, և, կարծես թե, այս գիտակցումը աստիճանաբար սկսում է ամրապնդվել նաև համանախագահների մոտ: