Ավստրալիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին կմասնակցեն ոչ միայն հայ համայնքի անդամներ, այլև մի շարք գիտնականներ և քաղաքական գործիչներ:
Հիշատակի երեկույթին ելույթ կունենա ռազմական պատմաբան, «Հայաստանը, Ավստրալիան և Մեծ պատերազմը» գրքի համահեղինակ Փիթեր Սթենլին:
Միջոցառմանը կմասնակցի նաև խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդերը, որը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին և պարբերական հայ համայնքին հուզող հարցերը բարձրացնում է խորհրդարանում: Վերջին շաբաթներին նա ուշադիր հետևել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային և հանդես եկել հրապարակային հայտարարություններով:
Միջոցառումներին կմասնակցի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես եկող սենատոր Լի Ռիանոնը, իսկ Նոր Հարավային Ուելս նահանգի ֆինանսների նախարար Գլեդիս Բերեջիքլյանը կներկայացնի նահանգի վարչապետ Մայք Բերդին:
Այլ ներկաների թվում կլինեն նաև պատգամավորներ Դևիդ Քլարքն ու Քորթնի Հուսոսը: