«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Կրթություն Հայաստան» ծրագրի գործադիր տնօրեն և հիմնադիր Լարիսա Ռայանի հետ, ով վերջերս աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ միասին ներկայացրեց «1915» ֆիլմի սաունդթրեքը՝ «Արի իմ սոխակ»:
- Մի քանի օր է, ինչ հրապարակվել է «Արի իմ սոխակ» երգի տեսահոլովակը՝ Սերժ Թանկյանի հետ Ձեր կատարմամբ: Այս կարճ ժամանակում այն արդեն հասցրել է բավականին հայտնի դառնալ: Ինչպե՞ս է ծնվել այս երգը միասին երգելու գաղափարը և ո՞րն է այս երգի ուղերձը:
- Իրականում այս երգի գաղափարը շատ անսպասելի է ծնվել: Կարին Հովհաննիսյանը պատրաստվում էր նկարահանել իր ֆիլմը և մի օրորոցային երգի կարիք ուներ: Մենք մի քանի տարբեր օրորոցային երգերի տարբերակներ ունեինք մեր մտքում, սակայն ընդամենը մեկը ձայնագրեցինք, որ որպես օրինակ ունենանք: Այնուհետև ֆիլմի շուրջ աշխատանքների ժամանակ Սերժ Թանկյանը, ով «1915» ֆիլմի երաժշտության հեղինակն է, որոշեց այս ձայնագրությունն օգտագործել որպես ֆիլմի հիմնական սաունդթրեք: Ավելի ուշ Սերժ Թանկյանի ստուդիայում էլ վերաձայնագրեցինք երգը: Այսպիսով սա Սերժի գաղափարն էր, նրա տեսլականը, Կարինի տեսլականը: Դա ինձ համար կախարդական պահ էր, որովհետև ինձ համար պարզապես մի շատ հիանալի հնարավորություն էր: Այն շատ անսպասելի էր, բայց ես ուրախ եմ, որ դա տեղի ունեցավ և ես մեծ պատիվ եմ համարում դրա մասը լինել:
Այնքան դժվար է բառերով բացատրել, թե ինչ էր ու ինչ է 1915 թվականը հայերի համար: Ինձ համար այս օրորոցայինը հիշեցնում է այն կանանց ցավը, ովքեր Ցեղասպանության ժամանակ բաժանվել են իրենց երեխաներից, կորցրել են նրանց: Այս օրորոցայինը հիշեցնում է ողբերգական, դժվար, ցավոտ, տիպիկ հայկական զգացումը, որն արտացոլում է «1915» ֆիլմի ուղերձը: Սա մի օրորոցային է, որ հայերը հազարավոր տարիներ երգել են իրենց երեխաների համար:
- Ի՞նչ կարող եք ասել երկու հասարակությունների՝ հայերի ու թուրքերի հաշտեցման մասին: Այս առումով ունե՞ք Ձեր առաջարկությունները:
- Գործիս բերումով շատ եմ ճանապարհորդել աշխարհով մեկ, եղել եմ նաև Թուրքիայում: Իմ համոզմամբ կան մարդիկ, ովքեր թուրք են, ապրում են Թուրքիայում և զգում են հայ ժողովրդի ցավը, պատրաստ են շարժվել առաջ, ճանաչել և միասին անցնել այս ցավի միջով:
Ես սա համարում եմ խիստ քաղաքական հարց: Թուրքիայի կառավարությունը պարզապես «առողջ» չէ, այն բաց չէ խոսելու սրա մասին: Կարծում եմ, որ մարդկանց մակարդակում՝ մի կողմ թողած կառավարությունն ու քաղաքականությունը, երկու կողմում էլ կան մարդիկ, ովքեր պատրաստ են հանդիպել, իրապես հաշտվել և մտածել, թե դա ինչ կնշանակի երկու կողմերի համար էլ: Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ, որ ազատության զգացողություն է առաջանում այն ժամանակ, երբ հասկանում ես քո սխալը և ճանաչում ես քո ողբերգական պատմությունը: Հուսով եմ, որ Թուրքիայի կառավարությունն ինքն իրեն և իր ժողովրդին թույլ կտա ազատվել, ինչը ազատություն կտա նաև հայերին: