Մեծ Բրիտանիայում բուժհաստատությունների երիտասարդ աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկվել են ավելի քան 125 հազար վիրահատություններ և բժշկական ընդունելություններ։ Գործադուլից մեկ օր առաջ յուրաքանչյուր երրորդ հիվանդանոց արդեն ծայրահեղ վիճակում էր, հայտնում է Telegraph-ը։
Ապրիլի 26-ին և 27-ին ծրագրված 48-ժամյա գործադուլի ժամանակ երիտասարդ բժիշկները (աշխատանքային փորձը չի գերազանցում 10 տարին), ովքեր Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամներ են, պատմության մեջ առաջին անգամ հիվանդներին չեն ցուցաբերի ընդհանրապես որևէ օգնություն, նույնիսկ՝ հրատապ։ Հիվանդանոցներում նրանց կփոխարինեն ավագ բժիշկները։
Ավելի վաղ բժիշկները բաց նամակով դիմել էին առողջապահության նախարար Ջերեմի Հանթին՝ կոչ անելով չեղարկել իրենց չգոհացնող նոր պայմանագրերի ներդրման մասին որոշումը։ Ամենայն հավանականությամբ, նրանց խնդրանքն անտեսվել է: