Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մտադիր է պահանջել Բրյուսելից շտապ գումարել ԵՄ արտահերթ գագաթաժողով: Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին:
Ցիպրասը գագաթաժողովից կպահանջի ապահովել Հունաստանին օգնության երրորդ ծրագրի մասին համաձայնագրի պահպանումը, որը կնքվել է 2015 թվականի հուլիսին, հայտնել են աղբյուրները:
Աթենքի պահանջի պատճառ է դարձել հինգշաբթի Հունաստանի հարցով եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի արտահերթ նիստի չեղարկումը: Հունաստանի կառավարությունն ակնկալում էր, որ Եվրախումբն ապրիլի 28-ին լրացուցիչ նիստում կքննարկի իրավիճակը երկրում, դրական գնահատական կտա հունական բարեփոխումների ծրագրին և քննարկում կսկսի երկրի պետական պարտքի հարցով: Ֆինանսական օգնության ծրագրից Հունաստանին վարկի հաջորդ տրանշի հատկացումը հնարավոր չէ առանց բարեփոխումների ընթացքի առաջին գնահատականի ավարտի և ընդունման: